Օպերայի թատրոնի ողջ պատասխանատվությունը դրվելու է նոր ղեկավարի` Դուրգարյանի ուսերին. փոխնախարար

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր ղեկավար ունի՝ անվանի դիրիժոր Կարեն Դուրգարյանը ԿԳՄՍ նախարարի որոշմամբ նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Թատրոնի արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր դեռ օգոստոսի սկզբներին, և նախարարության ընտրությունը որպես թատրոնի ղեկավար կանգ է առել օպերային թատրոնում երկար տարիներ աշխատած և մեծ վաստակ ունեցող դիրիժոր Կարեն Դուրգարյանի վրա:

Ինչպես «Ազատության» հետ հարցազրույցի ընթացքում շեշտեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Կարեն Դուրգարյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային տարբեր հարթակներում, և իրենք շատ ուրախ են, որ օպերային թատրոնում աշխատանքի մեծ փորձ ունեցող դիրիժորը սիրով համաձայնել է ղեկավարել մեր օպերային թատրոնի գործունեությունը:

Արա Խզմալյան. - Շնորհակալ ենք, որ մեր առաջարկին ընդառաջ, հասկանալով, որ իսկապես օպերային թատրոնն ազգի քաղաքակրթվածության, ազգի եվրոպական մեծ մշակույթին հարաբերակից լինելու առումով առաջնահերթ տեղ ունի, կարևորագույն տեղ ունի, այդ գիտակցումով էլ ընդունեց առաջարկը:

Իհարկե, մեծագույն խնդիրներ կան այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այդ խնդիրները վերաբերում են ինչպես կադրային քաղաքականությանը, սերնդափոխությանը, այնպես էլ ֆինանսատնտեսական հատվածին, և առաջիկա այս ամիսներին առավելագույնը մինչև 6 ամիս մենք հույս ունենք, որ բոլոր այդ խնդիրների ախտորոշումն, ըստ էության, մասնագիտորեն կարգավորված մենք կունենանք, նաև ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը մաեստրոյին պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ գիտակ մեկը տա ստույգ գնահատականը խնդիրների այսօրվա վիճակի վերաբերյալ:

Հետագայում ես կարծում եմ, որ ամբողջ գեղարվեստական բովանդակությունը, երաժշտական ուղղվածության պատասխանատվությունը կստանձնի հենց մաեստրոն:

«Ազատություն» - Իսկ Կոնստանտին Օրբելյանի խնդիրն ինչպե՞ս է լուծվում: Նրա պայմանագիրը լրանում էր չէ՞ օգոստոսի 3-ին:

Արա Խզմալյան - Այո, մենք շատ բարիդրացիական արարողակարգով ենք հրաժեշտ տվել մաեստրոյին, շնորհակալություն ենք հայտնել, որովհետև անկախ որոշակի բարդություններից, մեզ հայտնի բոլորիս, հանրային քննարկման առարկա դարձած խնդիրներից, մաեստրո Օրբելյանն իր ներդրումն, անշուշտ, ունի օպերային թատրոնում, բեմադրություններով, գույքային ինչ-որ նորամածություններով և այլն: Եվ ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք լինելու այնքան շռայլ, որ անտեսենք մաեստրո Օրբելյանի գործնական ու մասնագիտական հնարավորությունները:

Նշեմ, որ Նաև մաեստրո Դուրգարյանն է հակված որևէ կերպ համագործակցությունը շարունակելու: Ինքը` Մաեստրո Օրբելյանն ունի այդ ցանկությունը, բայց գիտեք, երբ մենք ուզում ենք լրջագույն բարեփոխումներ, չի կարող պատասխանատվությունը բաշխվել մի քանի մարդու, ընդ որում կայացած մարդկանց միջև, մեկը պիտի կրի պատասխանատվությունն ամբողջ, և դա է պատճառը, որ ֆինանսատնտեսական, թե գեղարվեստական ամբողջ պատասխանատվությունն առաջիկա ամիսներին դրվելու է միայն ու միայն մաեստրո Դուրգարյանի ուսերին:

«Ազատություն» - Իսկ հետո գեղարվեստական ղեկավար լինելո՞ւ է:

Արա Խզմալյան - Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց ամեն դեպքում հրավերն արդեն խոսում է այն մասին, որ մենք հակված ենք, որ գեղարվեստական պատասխանատվությունը, երաժշտական որակի ամբողջ պատասխանատվությունը ստանձնի հենց Դուրգարյանը, որովհետև նորից եմ ասում` օպերային արվեստում այսօր մեր լավագույն հայ մասնագետը, միջազգային ճանաչում ունեցող, ակտիվ աշխատող, գիտակ մեկը, ուղղակի բարեբախտություն է, որ մենք կարողացանք այդ ակտիվ, միջազգային գործունեության կոնտեքստից բերել մեր լավագույն մասնագետին ու դարձնել պատասխանատուն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի: Մենք մի հոգուց ենք պահանջելու առաջընթացը և որակը, և այդ մեկը մաեստրո Դուրգարյանն է:

Ինչպես ինքը կորոշի իր կադրային քաղաքականությունը, ում կնշանակի գեղարվեստական մասի պատասխանատու, ինչ կադրային փոփոխություններ կանի, մենք ձգտելու ենք և նպատակ ունենք չմիջամտելու առհասարակ, թողնելու դա մասնագիտական որոշումների տիրույթում` իր լիազորությունների շրջանակներում, բայց մենք այլ պայման ենք նաև դրել մաեստրոյի առջև, որ պետք է կենտրոնացվի ոչ միայն թատրոնի ներսում առկա ստեղծագործական ներուժը, այլև թատրոնից դուրս առկա ստեղծագործական ներուժը: