Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Միրզոյանի կհանդիպի ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Սա Միրզոյանի առաջին արտասահմանյան այցն է` արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։
Ինչպես Ռուսաստանի արտգործնախարարությունն է հաղորդել՝ «ակնկալվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:
Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»։