Արարատ Միրզոյանը օգոստոսի 31-ին Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Հաջորդ շաբաթ Արարատ Միրզոյանը արտգործնախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն։ Այսօր Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդեց, որ օգոստոսի 31-ին Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը: Կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մեծ սպասելիքներ այս հանդիպումից չունի, ըստ նրա, հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթի է:

«Լավ է, որ հանդիպում են, լավ է, որ կծանոթանան, բայց ես համոզված չեմ, որ այստեղ ինչ-որ հավասար քննարկում կլինի, այլ ես կարծում եմ՝ ուղղակի կասեն՝ ինչ պետք է մենք անենք ու ոնց մեզ պահենք: Միշտ հաշվի են նստում այն պետության, այն ուժի հետ, որը նախաձեռնող է: Մեր պաշտպանության նախարարը հայտարարեց, որ այլևս մենք չենք հանդուրժի, եթե մեր սահմանն անցնեն կամ ոտնձգություն անեն, մենք ինչ-որ պատասխան կտանք: Գորիս-Կապան ճանապարհը փակեցին, էդ էլ ադրբեջանցիները չասացին, որ իրենցն է ճանապարհ, ուղղակի ասացին, որ միջադեպ կար, դանակահարեցին մեր զինվորին, մենք նեղացած ենք, բայց մենք պատասխան չտվեցինք», - ասաց Գրիգորյանը:

Կապան-Գորիս միջպետական ճանապարհը փակելու ադրբեջանցիների քայլը վարչապետը երեկ կառավարության նիստում որակեց Հայաստանի խաղաղության օրակարգին հարվածելու և այդ օրակարգը վարկաբեկելուն ուղղված քայլ։ Այս հարցը ևս Արարատ Միրզոյանը կբարձրացնի ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ կարծում է Ստեփան Գրիգորյանը, բայց կասկածի տակ է դնում լուրջ արդյունքները։

«Շատ քայլեր, որոնք արվում են մեր սահմաններում, դա ադրբեջանա-ռուսական նախաձեռնություններ են: Ոնց որ դու գնաս ու բողոքես նրան, ով քո դեմ քայլեր է անում: Դուրս չենք բերում առանձին հարցեր մեծ հարթակներ, եթե մենք դուրս բերենք, օրինակ, Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, պատերազմի սկիզբը, լայնամասշտաբ մարդու իրավունքների խախտումը ադրբեջանցիների կողմից, էդ դեպքում Ռուսաստանն, այո, հաշվի կնստի ու լուրջ կքննարկի: Բայց քանի որ ամեն ինչ մնում է հայ-ադրբեջանցի-ռուս-թուրքական հարթակում, ի՞նչ պետք է խոսել», - նշեց քաղաքագետը:

Ռուսական կողմի հաղորդագրության եզրափակիչ հատվածում նշված է՝ «ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»:

Ռուսաստանի հետ փոխգործակցության խորացումը, ըստ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի, գնալով ավելի նկատելի է դառնում, Հայաստանը ավելի արագ տեմպերով դառնում է ռուսական ազդեցության գոտի, մեծանում է Ռուսաստանի դերը մեր անվտանգության գոտում, և Հայաստանի իշխանությունները այս իրավիճակը հանգուցալուծելու նոր մոտեցումներ ու գաղափարներ են փնտրում։ Ըստ Արեգ Քոչինյանի, հենց սրանով է պայմանավորված վարչապետի արտահայտությունը՝ Թուրքիայից եկող դրական ազդակների մասին։

«Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք, դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր ասել՝ եթե Հայաստանը դրական քայլեր անի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։

«Այդպիսի նոր մոտեցումներից, նոր գաղափարներից մեկը կարող է լինել ինչ-որ տիպի հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ՝ սահմանի բացումը և, այսպես ասենք, հարևան պետության հետ որևէ մակարդակի հարաբերությունների կառուցումը: Երբ որ կա այս միտումը, երբ որ կա այս գիտակցումը, երբ որ կա այս ցանկությունը, միշտ էլ հնարավոր է գտնել ազդակներ՝ դրական և հակառակը, երբ որ չկա այս ամեն ինչը, միշտ էլ հնարավոր է գտնել ազդակներ բացասական: Բայց իմ ասածը հետևյալն է, որ, այո, այսօր Հայաստանն այն վիճակում է, որ մեզ անհրաժեշտ է որոշակի հարաբերություններ ձևավորել Թուրքիայի հետ», - ասաց Քոչինյանը: