"SumMeet" ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը Երևանում մեկնարկեց «Սև այգի» ներկայացմամբ։ Պետերբուրգից ժամանած խորեոգրաֆ Վալերիա Կասպարովան հավատում է՝ երբ կողքդ պատերազմ է, մահ է, մի լույս պետք է ներսից վառել, որ հույսը չմարի, իսկ արվեստը, պարը հենց այդ լույսն է։
«Որ անկեղծ ասեմ շատ վախենալու էր, ու ես մինչև ստեղ գալը ահավոր էի վախենում, որովհետև համ էլ մեր ձայնը նենց ա անում, որ դու ոնց որ մեջն ես, ու ես վախենում էի՝ կարող է մարդիկ, ովքեր այդ ամենի միջով անցել են, այս ձայնը լսելուց ինչ-որ ուրիշ ռեակցիա կտան, այսինքն՝ չենք ուզում սա նայել: Բայց ես հասկացա, որ ինչքան էլ բարդ լինի, ինչքան էլ սենց բաներ կատարվեն, մեկ ա «սև այգին» ծաղկելու է», - ասաց Կասպարովան:
«Սև այգի», թարգմանաբար՝ Ղարաբաղ։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում բեմադրված այս պարը փորձ է ցույց տալու՝ պատերազմն ուրիշինը չի լինում, այն յուրաքանչյուրինն է. «Սա ընդհանրապես պատերազմն է՝ ուղղակի իմ ցավով»:
Արտիսները հայ չեն, ռուս են, հայկական արմատներ ունեցող ռուս խորեոգրոֆի խոսքով խոսք պետք չեկավ վիշտը փոխանցելու համար։ Ներկայացման նախորդ օրը Եռաբլուրում են եղել, արդեն բեմում լռությունը մատնեց թե բեմից, թե դահլիճից լսվող հեծկլտոցը:
«Այսպիսի միջոցառումները մի նպատակ ունեն՝ ասելու՝ կյանքը շարունակվում է», - Սանկտ Պետերբուրգի «Քաննոն Դանս» պարային տան տնօրեն, փառատոնի միջազգային պրոդյուսեր Վադիմ Կասպարովը վստահ է՝ չարժե խնդիրների մեջ թաղվել, ապրելու, արարելու պահը բաց թողնել։
«Երբ մենք այս ամենը սկսեցինք Սանկտ Պետերբուրգում, որևէ բան անելու հնարավորություն չունեինք. փող չկար, ներդրում չկար, ինձ էլ ասում էին՝ փողով յուրաքանչյուր հիմարն էլ կարող է մի բան անել, դու առանց գումարի փորձիր», - ասաց Կասպարովը:
Հայաստանը երբեք չի նույնականացվել պարի հետ։ Ֆուտբոլ, կինո, երգող շատրվաններ՝ սա էր Հայաստանի կերպարը։ Իսկ ինչո՞ւ ոչ պարը, հատկապես, հիմա, երբ մշակութային նախագծերի, հաջողության պատմությունների, նոր իմաստների բյուրեղացման կարիք կա։ Փառատոնի ամենակարևոր առաքելությունը, ըստ Կասպարովի, մեկ կետում հավաքել աշխարհով ցաքուցրիվ եղած պարող հայ հանրությանը ու կոտրել հայկական պարի առջև դրված երկաթե վարագույրները։
Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի շրջանակում տեղացի և արտասհմանցի պարուսույցների 10-ից ավելի ստեղծագործություններ ներկայացվեցին, վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ, կլոր սեղաններ:
Կոնսերվատորիայի օպերայի ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը գոհ է առաջին արդյունքից։ Փառատոնի հիմնական հարթակը հենց Կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի դահլիճն էր, սակայն պարն այս անգամ չտեղավորվեց ժամանակի և տարածության մեջ, դուրս եկավ փակ դահլիճներից և թափառեց փողոցներով:
«Աշխարհագրությունը մեծ է, մասնակիցների թիվը մեծ է, և ամենակարևորը՝ սա առաջին հերթին հարթակ է ազատ ստեղծագործող հայ խորեոգրաֆների համար: Այս փառատոնի ընթացքում նրանցից մի քանիսը նույնիսկ իրենց պրեմիերան են նշելու, սա լույս սփռելու լավ առիթ է մերոնց համար և նաև միջազգային ընդգրկում ստանալու», - նշեց Վարդանյանը:
Փառատոնի միտքը «Քաննոն Դանս» պարային տան ներկայացուցիչ, պարուսույց Վալերիա Կասպարովային էր և երիտասարդ պարուսույց, «Բալմանուկյան» պարային նախագծի հիմնադիր Արման Բալմանուկյանի։ Հայ պարուսույցը վստահ է՝ սա կարևոր քայլ է ժամանակից պարարվեստում, հայկական պոտենցիալը ստվերից դուրս գալու հնարավորություն ստացավ։
«Չնայած ծովի մեջ մի հատ կաթիլ է, շատ փոքր կաթիլ է, բայց միգուցե այս քայլով մենք էլ կկարողանանք որպես արվեստի մարդիկ մեր խոսքը տեղ հասցնենք ու մեր մասն տեղյակ պահենք որպես հայ ազգ», - ընդգծեց Բալմանուկյանը:
Ժամանակակից պարին նվիրված մեկ շաբաթյա տոնը կավարտվի վաղը՝ օգոստոսի 29-ին ռուսական «Բալետ Մոսկվա» ընկերության՝ «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս» ներկայացմամբ, որը Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» 2017 մրցանակաբաշխության դափնեկիր է՝ «Ժամանակակից պար/Լավագույն ներկայացում» անվանակարգում: Պարային տոնը այսքանով չի ավարտվի: