«Պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները»․ Թաթոյան

Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է Հայաստանի ողջ քաղաքացիական բնակչության դեմ, երեկ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով՝ այդ հանցանքը նրանց զինված ծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա:

Արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող Հայաստանի միջպետական ճանապարհը: Արդյունքում, ըստ Պաշտպանի, մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:

Նշված գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ, հայտնում է Թաթոյանը՝ նշելով՝ ադրբեջանական զինված ծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը: Դրա արդյունքում լրջորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը:

Դրանից բացի, պաշտպանի հավաստմամբ, լրջորեն սահմանափակվել է տարբեր ապրանքներ, այդ թվում՝ գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների, մարդկանց տեղաշարժը Իրանից Հայաստան և հակառակը: Այսինքն՝ կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը:

«Իմ անմիջական ղեկավարությամբ երեկ ու այսօր փաստահավաք աշխատանքները, ահազանգերի ու իրավիճակի վերլուծությունները ակնհայտ ցույց են տալիս, որ Գորիս-Կապան ճանապարհի 2 հատվածները փակվել են ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով: Նրանք են այս հանցավոր արարքների ուղղակի պատասխանատուն, որ ամբողջությամբ խաթարել են մարդկանց անվտանգությունը, խաղաղ կյանքն ու անդորրը, առաջացրել են լարվածություն ողջ հասարակությունում», - շեշտել է Պաշտպանը՝ պնդելով․ - «Մեր պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները»:

Միևնույն ժամանակ Արման Թաթոյանը նշել է, որ այս ընթացքում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն իրականացրել են Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անփոխարինելի դեր:

«Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների օբյեկտիվ արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին», - ասված է Թաթոյանի հայտարարությունում։

Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Եռակողմ բանակցությունները երեկ արդյունք չեն տվել, ըստ Սունիքի փոխմարզպետի, դրանք կշարունակվեն այսօր։

595595

47 Comments

132 Shares

Like

Comment

Share