Ադրբեջանցի զինծառայողը նախքան ձերբակալվելը 2 ժամ անչափահասների հետ Մարտակերտի բնակարանում է եղել, սնունդ պահանջել

Ադրբեջանցի զինծառայողին Արցախի ոստիկանները Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկից են դուրս բերել։ Ընտանիքի հայրն աշխատանքի է եղել, մայրն էլ բուժհաստատությունում աշխատանքային հերթապահությունից հետո Ստեփանակերտ էր գնացել՝ 14 տարեկան զույգ տղաներին հագուստ գնելու համար, երբ տեղեկացել է, որ իրենց տուն ադրբեջանցի զինծառայող է մտել։

«11:30 զանգեցի, երեխեքին հարցրեցի` էս ի՞նչ պայուսակը վերցնեմ, իրենք ասացին` հա, հա, ու ես չեմ էլ իմացել, նենց են իրենց պահել, որ ես չեմ էլ իմացել` իրենց մոտ մարդ կա: Իրենք սովորական խոսում էին: Ես միշտ իրենց թերագնահատում էի, որ մի քիչ մեծացեք, հլը փոքր երեխեք եք, ձեզ մեծի նման պահեք, բայց չէի պատկերացրել», - պատմում է մայրը:

Ադրբեջանցի զինծառայողը՝ Ջամիլ Բաբաև անունով, տուն է մտել պատշգամբով՝ աստիճան տեղադրելու միջոցով:

«Տեսա, եկա, ասում եմ` Դավիթ մարդ կա, չի հավատում, գիտեր` շուլուխ եմ անում», - պատմում է տղան, ում դիմաց հայտնված ադրբեջանցին դանակ է ցույց տվել ու հասկացրել, որ կվնասի, եթե ինչ-որ բան անեն։

Նա ռուսերեն չի խոսել, երեխաների հետ շփվել է միայն ժեստերի լեզվով, հասկացրել է, որ սոված է, երեխաները նրբերշիկ, հետո սուրճ են հյուրասիրել։ Անկոչ հյուրը շուրջ երկու ժամ երեխաների հետ է անցկացրել։ Կշտացել է, ոտքերն ու գլուխը լվացել, հետո գուլպաները կախել պարանից ու երեխաների հետ նրանց լուսանկարներն է նայել։ Հասցրել է նաև համակարգչով երաժշտություն լսել։ Անկոչ հյուրը նաև Թուրքիայի դրոշն է ցույց տվել, հետո Ադրբեջանի անունը տվել ու հասկացրել, որ իրեն նեղացնում են։

Երեխաները հաջողացրել են դուրս գալ տնից՝ ծխախոտ գնելու պատրվակով ու զանգահարել քեռուն, որ մոտակայքում էր, վերջինն էլ ոստիկանություն է ահազանգել։

Տեղ հասած ոստիկանները բռնել են Ջամիլ Բաբաևին: Արդեն հարուցված քրեական գործ կա՝ առերևույթ Արցախի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։

Ավելի ուշ դեպքին արձագանքեց նաև Ադրբեջանը՝ գրելով, որ Ջամիլ Բաբաևն ադրբեջանական բանակի արտակարգ անհետաձգելի ռազմական ծառայության զինվոր է, ով կամավոր լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և ոտքով հասել Մարտակերտ:

Վախ կա, որ սա կարող է հերթական դեպքը դառնալ. Արցախի ՄԻՊ

Սա նմանօրինակ առաջին դեպքն է, բայց վախը, որ կարող է հերթականը դառնալ, մեծ է, ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը. «Ոչ բոլոր տեղերում, ոչ բոլոր ուղղություններով են տեղկայված հայկական զինված ուժերի հենակետերը, իսկ ռուսական զորքերը, ռուսական խաղաղապահներն, այո, իրենց ուժերով իրականացնում են անվտանգության գործառույթներ, սակայն փաստը ցույց է տալիս, որ ահա նման դեպք ունենք արձանագրված, և սա ևս մեկ անգամ մեզ համար պետք է ազդակ լինի, որ անվտանգության առումով առավել մեծ ջանքեր ներդրվեն»:

Գեղամ Ստեփանյանը նաև մեկ այլ խնդրի մասին է բարձրաձայնում։ Շուտով ուսումնական տարին կսկսվի, և շատ համայնքների բնակիչներ մտավախություն ունեն՝ որքա՞նով է ապահով երեխաներին դասի կամ մանկապարտեզ ուղարկել այն ճանապարհներով, որոնք ադրբեջանցիների կողմից նշանառության տակ են, իսկ նման անհանգստության առիթ կրկին տվեց միջադեպը, որ 2 օր առաջ արձանագրվեց։

Արցախի օմբուդսմենի փոխանցմամբ՝ օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված, որից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։ Կրակահերթ է եղել նաև այսօր նույն ուղղությամբ։

«Այսօր առավոտից` ժամը 10-ից սկսած կրակոցները նորից սկսվել են և դադարել են միայն 1-ի, 1.-30-ի կողմերը, երբ ռուս խաղաղապահները ժամանել են Շոշ և Մխիթարաշեն համայնքներ և նաև հանդիպել են ադրբեջանական կոմղի դիրքապահների հետ, և դրանից հետո դադարել են կրակոցները», - տեղեկացրեց Արցախի ՄԻ պաշտպանը:

Իրավիճակը գալիս է հաստատելու, որ ադրբեջանական դիրքերը բնակավայրերի մերձակայքից պետք է հեռացվեն, ասում է օմբուդսմենը։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ քայլեր արվում են, այլ մանրամասներ առայժմ հրապարակման ենթակա չեն։