Ամեն ինչ պետք է անել՝ խուսափելու ստորագրել եռակողմ որևէ նոր փաստաթուղթ. Արամ Սարգսյան

Ամեն ինչ պետք է անել՝ խուսափելու ստորագրել եռակողմ որևէ նոր փաստաթուղթ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Սահմանին նորից լարվածություն կա, այս անգամ ճանապարհ են փակել՝ պատճառաբանելով միջադեպով, որ հայերը ադրբեջանցու են դանակահարել, Դուք իրականում այս և նախորդող միջադեպերի տակ ի՞նչ եք տեսնում:

Արամ Սարգսյան. - Քանի Ղարաբաղի հիմնահարցը չի լուծվել, նման պատրվակներ հորինվելու են, նման դեպքեր լինելու են, բայց ես համոզված եմ, որ առաջիկա 3-4 տարիներին դրանք չեն վերաճելու լայնամասշտաբ պատերազմի, չեն լինելու տարածքների գրավում, զորքերի, մասնավորապես հետևակի տեղաշարժ չի լինելու: Ցավոք սրտի, նույնիսկ գնդակոծումներ կարող են լինել, ցավոք սրտի, երկու կողմից էլ զոհեր կարող են լինել, բայց խնդրի արմատը մեկն է՝ Արցախի հարցի լուծումն է խնդրի արմատը, Արցախի կարգավիճակի պարզումն է խնդրի արմատը ու առանց դրա ինչ խնդիր էլ մենք փորձենք լուծենք, սահմանազատման, ճշգրտված սահմանների և այլն, միևնույն է դրանից կրակոցները, բանսարկությունները, դիվերսիոն փորձերը չեն պակասելու: Նույնիսկ ճշտված սահմաններում բաներ լինելու են, այսինքն խնդիրների խնդիրը Արցախի կարգավիճակի քննարկման գործընթաց սկսելն է, ինչի մասին ուղղակի ակնհայտ 1-2 օր առաջ Միացյալ Նահանգների դեսպանը ակնարկ արեց, որ քանի կարգավիճակի հարցը չի լուծվել, խնդիրը կարգավորում չունի:

«Ազատություն». - Ընդհանրապես եռանախագահները այս հարցով հատկապես ակտիվացել են, նույնիսկ Պուտինն է հիմա խոսում այդ մասին, Ֆրանսիան՝ մի քանի անգամ, բայց, պարոն Սարգսյան, Դուք լսե՞լ եք Բաքվից հնչող արձագանքները, որ ի՞նչ եռանախագահություն, ի՞նչ Մինսկի խումբ, ի՞նչ կարգավիճակ, լուծված է Ղարաբաղի հարցը:

Արամ Սարգսյան. - Շատ բնական է, որ Բաքուն իրեն այդպես է պահում, առնվազն 20 տարի մենք էլ ենք մեզ այդպես պահել: Շատ պարզ է, որ պատերազմի այս կարգի լուծումից հետո Ադրբեջանը չի ընդունելու կամ այս պահին գոնե չի ընդունելու կամ անիմաստ է լինելու բանակցելը կարգավիճակի առումով: Բայց խնդրի լուծման այլ մոտեցումներ էլ կան, որոնք այսօր առաջարկվում են, որովհետև աշխարհը հասկանում է, որ այսօր Ադրբեջանին չես կարող պարտադրել կարգավիճակ, հետևաբար, պետք է գոնե հասնել նրան, որ խնդիրը մտնի երկարաժամկետ խաղաղության փուլ, կարգավիճակը մնա քննարկման սեղանին, ինչի կողմնակից է նաև Ռուսաստանը, և այստեղ է, որ Ռուսաստանը սկսել է աշխատել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ:

Տարբերակը, որը առաջարկվում է, որը քննարկվում է, աշխարհում այդպիսի փորձարկված Կիպրոսի տարբերակն է, որտեղ 47 տարի է արդեն Թուրքիայի անեկցիայից հետո խաղաղություն է, և փորձում են նաև Արցախում ձևավորել հայկական Արցախ և ադրբեջանական Ղարաբաղ, ինչպես իրենք են ուզում անվանել, որը կունենա կանաչ զոննա, որտեղ կկանգնեն խաղաղապահներ, հավանաբար, հիմնական մասը կլինեն էլի ռուսական՝ 30-40 տոկոսը կկանգնեն այլազգիներ և այլն, բայց խնդիրը գնալու է այս հարթության վրա: Այսինքն՝ հիմա խնդիրը տանելու են նրան ոչ թե, որ Իլհամ Ալիևը գա Մինսկի խումբ, քննարկի Ղարաբաղի կարգավիճակի հարց, Իլհամ Ալիևը պետք է գնա Մինսկի խումբ, ընդունի, որ կարգավիճակի խնդիրը լուծված չէ, բայց ընդունի, որ համակեցության կանոններով պետք է ապրի, որովհետև այդտեղ կա բնիկ հայ բնակչություն, որը իրավունք ունի ինքնորոշվելու, իրավունք ունի ապրելու, իրավունք ունի աշխարհի հետ շփվելու:

«Ազատություն». - Իսկ ապաշրջափակումը, պարոն Սարգսյան, այդ հարցով այս ֆոնին հանձնաժողովը սկսեց աշխատանքը, Դուք մեկ անգամ չէ, որ դրան կողմ եք արտահայտվել, բայց դա իրատեսակա՞ն բան է, երբ հիմա ճանապարհ է փակում, զինվոր է կապանում:

Արամ Սարգսյան. - Մշտապես ասել եմ, որ այդ խնդիրը պետք է քննարկվի Էմանյուել Մակրոնի առաջարկած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Թե՛ սահմանների ճշգրտման խնդիրը և թե՛ ճանապարհների ապաշրջափակման խնդիրը վերաբերում է աշխարհին, որովհետև ՄԱԿ-ն է ճանաչում տվյալ պետության սահմանները: Ես կատեգորիկ մշտապես դեմ եմ եղել այլևս եռակողմ որևէ փաստաթղթի ստորագրմանը, եռակողմը ծուղակ է մեր համար հիմա: Մենք ամեն ինչ պետք է անենք խուսափելու նոր եռակողմ որևէ փաստաթուղթ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, ստորագրելուց շատ պարզ պատճառով, որովհետև եթե սահմանների ճշգրտումը գնա Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, էս ենթատեքստում, այստեղ վերցվելու են ասենք, 20 թվականից հետո եղած այն քարտեզները, ինչ ունի Ռուսաստանը, և այդ քարտեզներով որևէ լավ բան մեջը չի երևում, որովհետև կարող է նաև որևէ երկրի պետական շահից ելնելով օգտագործվել և օգտագործվել մեր դեմ: Իսկ իրականում քարտեզներ կան մինչև 18 թիվը, 18 թվից հետո: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Անգլիան, Գերմանիան, իրենք ունեն քարտեզներ, իրենք ունեն ժամանակին Հայաստանի ունեցած տարածքները, իրենք գիտեն Բոլշևիկյան Ռուսաստանն ինչ էր Լենինի ժամանակով և ինչ փոփոխություններ եղան: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում է, որ կարող է մենք աջակցություն ունենանք ու էս կարգի քարտեզներ էլ դուրս գան:

Մեր ժողովուրդն էլ Ազգային ժողովի էս վեճերը նայելով պետք է հետևություն անի ու սովորի ճիշտ ընտրություն անել, որովհետև ընտրությանը պետք չէ ձայն տալ նրանց, ովքեր բարձր են հայհոյում, ովքեր կռվում են , ովքեր տեսարաններ են ստեղծում, այդ մարդիկ պետք է հետո աշխատեն: Լսեք մարդիկ ինչ են ասում, շատ տխուր է, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիր էր քննարկվում ու լուրջ քննարկում տեղի չունեցավ, բայց համոզված եմ նաև, որ այս ընդդիմությունը, ում խորհրդարան գործուղել են, ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» հետ աշխատելու, այլ քերելու համար, այդ սցենարով անընդհատ չի կարող քերել, որովհետև անհնար է 5 տարի գաս ասես՝ կապիտուլյանտ, դավաճան կամ հողատու, դրանից հոգնելու են: Եթե մի անգամ դա իրենց հաջողություն է բերել՝ 20-22 տոկոս քվե, դա չի նշանակում, որ 5 տարի այդ նույն բանն ասելով այդ 22 տոկոսն ավելանալու է, ձեզ ազնիվ քվե տված մարդիկ ձեզանից հոգնելու են:

«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է որ հանկարծ էլի արտահերթ լուծման անհրաժեշտություն լինի, էլի ընդդիմությանը վկայակոչելով, որ այս ծեծ ու ջարդը վկայում է, որ սպառելու է շուտ իրեն այս խորհրդարանը:

Արամ Սարգսյան. - Նման տարբերակը գրեթե բացառում եմ, որովհետև եթե Գագիկ Ծառուկյանը և Էդմոն Մարուքյանը համաձայնեցին արտահերթ ընտրություններին, ասացին խնդիր չի, իրավիճակը հանգստանալու համար պատրաստ ենք նաև իշխանության առաջարկած տարբերակին, այս թիմին ու այս թիմի լիդերներին ստիպես էլ մանդատ դնող չեն: Սրանց այնքան է դուր եկել Ազգային ժողովի տեղը, որ իրենք 5 տարին ժամացույցով նստելու են, այնպես որ ես չեմ տեսնում որևէ ուժ, որը փողոց է դուրս գալու ու պահանջելու է Ազգային ժողովի լուծարում, և այդ ուժը հանրային լուրջ աջակցություն է ունենալու:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.