Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում հեռանալ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդակայանից, քանի որ ստացվել են տեղեկություններ այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը կարող է հարձակվել օդակայանում և դրան հարող տարածքում հավաքված մարդկանց վրա:
Ամերիկացիներից զատ այդ կոչով են մարդկանց դիմել նաև Բրիտանիայի և Ավստրալիայի իշխանությունները:
Հազարավոր աֆղանստանցիներ և օտարերկրացիներ այս օրերին գտնվում են օդակայանում և փորձում են հեռանալ Աֆղանստանից:
Թալիբները խոստացել են ապահովել մարդկանց անվտանգությունը, սակայն «Իսլամական պետությունը» թշնամական հարաբերություններ ունի «Թալիբանի» հետ և կարող է նման սադրանքի դիմել՝ իրավիճակն ավելի սրելու համար:
Թալիբները 11 օր առաջ են գրավել Քաբուլը: Դրանից հետո ամերիկացիները և նրանց դաշնակիցներն Աֆղանստանից տարհանել են ավելի քան 88 հազար մարդկանց, ինչը համարվում է օդային ճանապարհով ամենալայնածավալ տարհանումը պատմության ընթացքում:
Միայն անցած 24 ժամում 19 հազար մարդ է դուրս բերվել Աֆղանստանից: ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի փոխանցմամբ, օգոստոսի 25-ի դրությամբ Աֆղանստանի տարածքում կար մոտ 1500 ամերիկացի: