Դպրոցներում դասերը կանցկացվեն առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ

Դպրոցներում դասերը կանցկացվեն առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, նախարարության որոշումն արդեն կա։

«Դնում ենք դիմակը, քիթիկի մասը սեղմում ենք և էլ ձեռք չենք տալիս մինչև տուն գնալը», - հակահամաճարակային կանոնները 7-ամյա Էմիլին դասի նման անգիր է արել։ Այսպես դասերին մասնակցելու փորձ արդեն ունի, այս տարի երկրորդ դասարան է հաճախելու, իսկ կանոններին անծանոթ կամ չհետևող աշակերտներին դպրոցներում ուղղություն կտան։

«Երբ որ երեխան հաճախում է դպրոց առաջին հերթին մենք ջերմաչափում ենք, հետո մենք ունենք ախտահանելու համար սարքեր, բոլորին ապահովում ենք դիմակներով», - ասաց բուժքույրը:

Դպրոցները դեռ Կրթության նախարարությունից նոր հրամանը չեն ստացել, բայց նախորդ տարվա փորձից ելնելով սկսել են նախապատրաստական աշխատանքները։

«Յուրաքանչյուր սեղանի մոտ նստում է մեկ աշակերտ, և սեղանի անկյունում մենք նշան ենք անում, և երեխան անպայման նստելու է այդ նստարանին», - ասաց Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցի ուսուցչուհի Գայանե Աթոյանը:

Գայանե Աթոյանը Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում։ Նախորդ տարի 30 հոգանոց դասարանը երկու խմբի էին բաժանել, հաճախում էին օրը մեջ, այս տարի էլ նույն կերպ կվարվեն, քանի որ 30 հոգու դեպքում սոցիալական հեռավորությունը պահպանել չեն կարող։

«Երբ որ քիչ են, դասապրոցեսը կազմակերպվում է շատ ավելի հեշտ, շատ ավելի արդյունավետ, նպատակային, բոլոր աշակերտները պատասխանում են, բոլոր աշակերտները ընդգրկվում են, բայց այն, որ երեխան օրը մեջ է գալիս, ինքը իրոք բացթողումներ ունենում է», - ասաց ուսուցչուհին:

Դպրոցում մոտ 800 աշակերտ կա։ Դասերին դիմակներով են մասնակցում, դասամիջոցներն էլ դասասենյակներում են անցկացնում՝ շփումները հնարավորինս բացառելու նպատակով։ Դժվարությամբ, բայց ստացվում է, ինչ արած, ասում է ուսուցչուհին, պայմաններն են ստիպում. «Այստեղ կան հատուկ գծանշումներ, որով երեխաները պետք է իջնեն, սլաքը ցույց է տալիս՝ որ կողմից են իրենք իջնելու և ցույց է տալիս՝ հետո իրենք որ կողմով են բարձրանալու»:

Նելսոն Ստեփանյանի անվան դպրոց այս տարի 97 առաջին դասարանցի է հաճախելու, իսկ ամբողջ հանրապետությունում առցանց գրանցվել է արդեն 37 հազար առաջին դասարանցի։ Նրանք սեպտեմբերի 1-ին, թե՞ օգոստոսի 31-ին դպրոց կայցելեն, կորոշի դպրոցը՝ ասում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այո, դիմակների կրումը պահպանվում է, պահպանվում են դպրոցների ախտահանման հետ կապված կարգավորումները: Մենք հիմա մեր միջազգային գործընկերների հետ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի դպրոցներին ապահովենք անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչներով, որպեսզի այս անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և տրամադրումը լրացուցիչ բեռ չլինի դպրոցների համար», - ասաց Անդրեասյանը:

Նախորդ տարի փոխնախարարի նշած հրամանում փոփոխություն տեղի ունեցավ, համաձայն որի թույլատրվեց թե՛ արտաուսումնական խմբակների, թե՛ երկարօրյայի գործունեությունը: Թե դասերը շաբաթական քանի օրով կանցկացվեն, կորոշի դպրոցը՝ նախարարության գրավոր համաձայնությամբ։

«Այդպիսի համաձայնություն տալու համար մենք կդիտարկենք դպրոցում ընդհանուր դեպքերի թիվը, առկա իրավիճակը և բնականաբար, հաշվի առնելով այս գործոնները կկարողանանք արդեն հասկանալ՝ որն է լավագույն ձևը», - ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

Կարվի հնարավորը մինչ տարեվերջ դասերը առկա ձևաչափով շարունակելու համար, բայց ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից։ Եթե դեպքերի թիվը 14 օրվա կտրվածքով լինի 10 տոկոս և ավելի, կրկին անցում կարվի հեռավար ուսուցման։ Վերջին սցենարից խուսափելու համար հատուկ պահանջ կսահմանվի ուսուցիչների ու դասախոսների համար՝ հոկտեմբերի 1-ից եթե պատվաստված չլինեն, ստիպված կլինեն 2 շաբաթը մեկ ՊՇՌ բացասական թեստ ներկայացնել՝ վճարելով սեփական գրպանից։

Երևանի խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, որտեղ շուրջ 650 դասախոս կա, պատվաստված դասախոսներ արդեն կան, քանիսն են, դեռ չեն կարող ասել, ցուցակագրելու գործընթացը նոր են սկսել։ Վարակի նենգությանը լավ ծանոթ են, 10-ից ավելի դասախոս ու պրոֆեսոր են կորցրել քովիդի պատճառով՝ ասում է բուհի պրոռեկտոր Մհեր Մելիքբախշյանը։

«Տնտեսական մասին հրավիրել եմ, որպեսզի կոնկրետ հանձնարարություններ տանք, հերթապահություն սահմանենք, ապահովենք այդ բոլոր նյութերով, դիմակներով, տեսնենք, թե ուրիշ ինչ պակաս-պռատ բան ունենք, էդ բոլորը մենք կանենք», - ասաց Մլիքբախշյանը:

Բուհը կաշխատի առայժմ 5-օրյա ռեժիմով, անհրաժեշտության դեպքում անցում կարվի 6-օրյայի. «Կխուսափենք հոսքային պարապմունքներից, դասերը կանցկացնենք փոքր խմբերով, հոսքային պարապմունքները երևի կանցկացնենք արդեն առցանց»:

Հայաստանում համաճարակային իրավիճակը կրկին լարված է՝ պայմանավորված նոր, ավելի ագրեսիվ ու արագ տարածվող «Դելտա» շտամով։ Նոր վարակվածների թիվը կրկին օրեցօր աճում է. այսօր, օրինակ, գրանցվել է վերջին 3 ամսում վարակվածների ամենամեծ ցուցանիշը՝ 634, մահացել է 10 մարդ։

Նոր ուսումնական տարվա մեկնարկը կարող է նպաստել թվերի աճին, հատկապես, որ հիվանդությունը ակտիվացել է հենց երեխաների շրջանում։ Դեռահասության տարիքում գտնվող բոլոր խմբերի մոտ հիվանդացության աճ ու նաև ծանր ընթացքներ կան։ Մասնագետները կրկին հիշեցնում են՝ իրավիճակն էլ ավելի չբարդացնելու ճանապարհը մեկն է՝ անձնակազմի համար պատվաստումը, աշակերտների համար՝ զգոնությունը։