Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները միասնաբար հայտարարում են իրենց հովանու ներքո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու, հակամարտության տևական լուծումը գտնելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահը վերստին քննադատում է նրանց, և անգամ անուղղակիորեն մեղադրում ղարաբաղյան վերջին պատերազմին նպաստելու մեջ:
Երեկ, մասնավորապես, ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, Ալիևը պնդել է, թե միջնորդները մոտ երեք տասնամյակ շարունակված բանակցությունների ընթացքում մի շարք հնարավորություններ են կորցրել, արդյունքում, Բաքուն ստիպված է եղել սեփական ուժերով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված չորս բանաձևերը:
«Այդ փաստաթղթերը պահանջում էին անհապաղ ու ամբողջությամբ դուրս բերել հայկական ուժերը մեր`միջազգայնորեն ճանաչված տարածքներից, ինչը շատ կարևոր քաղաքական ժեստ էր Անվտանգության խորհրդի կողմից: Սակայն, ցավոք, այդ բանաձևերը չիրագործվեցին: Ադրբեջանական հասարակության համար առավել դժվար էր ընկալել այն փաստը, որ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը Մինսկի խմբի համանախագահներն էին: Իրենք էին հենց ընդունել այդ բանաձևերը, բայց, ցավոք, նրանց նախագահության 28 տարին կորսված հնարավորությունների ժամանակաշրջան էր», - ասել է Ադրբեջանի նախագահը»։
Ըստ Ալիևի՝ ինքը մի քանի անգամ խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, սակայն՝ ապարդյուն:
«Եթե Հայաստանի նկատմամբ ճիշտ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին, եթե Մինսկի խմբի համանախագահները`աշխարհի երեք գերտերությունները, օգտագործեին իրենց ներուժի հինգ տոկոսը, որպեզի համոզեին կամ հարկադրեին Հայաստանին՝ դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, ապա պատերազմ չէր լինի: Հետևաբար, պատերազմի համար պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանն է կրում, այլև բոլոր նրանք, ովքեր չկարողացան, կամ չցանկացան հարկադրել նրանց՝ հետևել միջազգային իրավունքին», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևի այս հայտարարությունները հնչում են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների`անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինն ու Մակրոնը կրկին խոսել էին Մինսկի խումբը ակտիվացնելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին:
Դրանից մի քանի օր անց` այս շաբաթասկզբին էլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր հայտարարել` ղարաբաղյան խնդիրը լուծված չէ, քանի դեռ չի հստակեցվել կարգավիճակի հարցը:
Չնայած միջնորդների այս պնդումներին`Ադրբեջանի նախագահը շարունակում է մնալ անդրդվելի. երեկ նա կրկրնել է44-օրյա պատերազմից հետո շրջանառության մեջ դրած իր թեզը, թե ղարաբաղյան խնդիրն այլևս մնացել է անցյալում՝ ակնարկելով, որ ինքը խնդրի շուրջ քննարկումներ սկսելու ցանկություն չունի:
«Հիմա պատերազմն ավարտվել է, հակամարտությունը լուծված է, եղածի մասին այլևս ասելիք չկա: Մենք պետք է նայենք ապագային, և ներկայումս մեր գլխավոր խնդիրն է վերականգնել քանդված, ամբողջովին ավերված տարածքները»:
Ալիևը նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին է քննադատել` Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար
Ի դեպ, խոսելով անցյալի մասին, Իլհամ Ալիևը նաև ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը` ՅՈւՆԵՍԿՕ-ին է քննադատել` Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար:
«Մենք, կարելի է ասել, 30 տարի է` նրանց ենք սպասում, ժամանակին խնդրել ենք, որ գան ու արձանագրեն հայերի հասցրած վնասը: ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, հայտարարում էին, թե կառույցը քաղաքական հարցերին չի միջամտում: Պատերազմից հետո, մինչդեռ, մենք ազդակներ ստացանք, որ նրանք ուզում են գալ: Իհարկե, զարմացանք, բայց՝ համաձայնեցինք: Եվ, որքան ես գիտեմ, առաքելությունն արդեն ստեղծվել է, սակայն հիմա Հայաստանն է դեմ, այդ իսկ պատճառով նրանց այցը կրկին հետաձգվում է»:
«Ազատություն»-ը երեկ դիմել է Հայաստանի արտգործնախարարությանը` Ադրբեջանի նախագահի այս պնդումներին արձագանքելու խնդրանքով: Արտաքին քաղաքական գերատեսչությունից խոստացել են, որ հարցմանը կպատասխանեն այսօր: