Քննչական կոմիտեն առաջարկում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցագործությունը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին:
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
«Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, որով կկարգավորվեն պետություն-քաղաքացի որոշակի իրավական փոխհարաբերություններ: Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրում: