ՔՊ-ից վստահեցնում են՝ վարժական հավաքները ոչ թե պատերազմի վտանգի հետ են կապված, այլ` երկարաժամկետ խնդիր լուծելու

Հայաստանում առաջին անգամ անցկացվող եռամսյա վարժական հավաքները ոչ թե պատերազմի վտանգի հետ են կապված, այլ այս հարցով պետությունը փորձում է երկարաժամկետ խնդիր լուծել, վստահեցնում են իշխող ուժից։ Վարժական հավաքները կմեկնարկեն 2 օրից ու կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։

«Մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ խնդիր ունեինք հենց ՄՕԲ ռեսուրսի հետ, ովքեր չէին կարողանում, չէին տիրապետում մարտական գործողություններին և հիմա այս միջոցառումները արվում են հենց ՄՕԲ ռեսուրսը, որպեսզի բերեն այն մակարդակի, որ Աստված մի արասցե, եթե հայտնվենք նորից պատերազմական իրավիճակում, ապա մեր ՄՕԲ ռեսուրսը տիրապետի զենքին, տիրապետի պատերազմական իրավիճակներին», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հակոբյանն ասում է՝ պատերազմի ելքը հնարավոր է այլ լիներ, եթե նախկինում նման հավաքներ անցկացվեին. «Եթե նախկինում այս գործողությունները, այս միջոցառումները արված լինեին, միգուցե մենք 44-օրյա պատերազմի ժամանակ բոլորովին այլ ՄՕԲ ռեսուրս ունենայինք, և ինչու չէ նաև կարող է պատերազմի ելքը բոլորովին այլ լիներ»:

Անցած շաբաթ գործադիրի ընդունած որոշման համաձայն՝ եռամսյա վարժական հավաքներին ներգրավվելու է 2169 քաղաքացի։ Նրանցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Հավաքներին մասնակցելու են մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններ ունեցող պահեստազորայինները։ Ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։

Զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետ Արմեն Աֆթանդիլյանի խոսքով՝ եռամսյա վարժական հավաքները շարունակական բնույթ են ունենալու. «Պահեստազորում հաշվառված բոլոր պահեստազորայինները ռազմական ունակությունների բարձրացման, կատարելագործման համար, բոլորը պարտադիր պետք է անցնեն վարժական հավաքներ»:

Ըստ պաշտպանության նախարարության, հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր սոցիալական արտոնություններից։ Վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինները նաև աշխատավարձ կստանան՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Պահեստազորայինները կպահպանեն նաև իրենց աշխատանքը։ Զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետը հիշեցնում է՝ դա օրենքի պահանջն է։

«Բոլոր գործատուները, որոնց մոտ աշխատում են մեր պահեստազորայինները, որոնք ներգրավվելու են վարժական հավաքների, օրենքով նրանք պարտավոր են պահպանել նրանց աշխատատեղերը, կարող են այդ ժամանակահատվածում, որպեսզի նաև իրենց աշխատանքների հետ կապված խնդիր չլինի, կնքել պայմանագրեր պայմանով՝ երեք ամիս ժամկետով, նոր քաղաքացիներ ներգրավեն աշխատանքի, բայց երեք ամիսը ավարտվելուց հետո, վարժական հավաքներից էլ վերադառնալով մեր զինակոչիկներին, սպաներին և ենթասպաներին պարտավոր են հետ վերցնել աշխատանքի և աշխատեն իրենց աշխատատեղերում», - ասաց Աֆթանդիլյանը:

Իսկ ի՞նչ անեն սեփական բիզնեսն ունեցող պահեստազորայինները, որոնց ևս ծանուցում է ուղարկվել հավաքներին մասնակցելու, նախարարությունից այսօր մեր զանգերին չարձագանքեցին։ Փոխարենը քաղաքացիները, որոնք նման խնդրի առաջ են կանգել, ասացին, թե իրենց կառավարությունից հայտնել են, հնարավոր է՝ իրենք վարժանքների չկանչվեն։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարում նման հավաքների անցկացումը, ասում է՝ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ պահեստազորայիններն անպատրաստ են։

«Այստեղ հարցը ոչ միայն զենքին տիրապետելն է, այլ նաև բանակի հետ միասին, համատեղ աշխատելու ունակությունն է: Այսինքն՝ պետք է ներդաշնակ աշխատանք լինի պահեստազորի և բանակի միջև: Դրա համար ես կարծում եմ, որ եռամսյա վարժանքները շատ կարևոր են և խիստ անհրաժեշտ են: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ այս եռամսյա զորավարժությունները պետք է լինեն մշտական, այլ ոչ թե, օրինակ, տարին մեկ անգամ, այլ մի քանի անգամ՝ տարբեր խմբեր ընդգրկելով», - նշեց Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը կարծում է՝ նախորդ՝ ավելի կարճատև հավաքների նման, այս մեկը ձևական բնույթ չի կրի, նախարարության տրամադրվածությունից է այդ տեսակետին եկել։ Փորձագետը դժվարանում է ասել, եթե նախորդ տարիներին նման հավաքներ անցկացվեին, հայկական կողմ ինչ արդյունք կունենար պատերազմից։ Վստահ է, որ մարդկային կորուստները շատ չէին լինի։

«Գոնե այսքան մարդկային կորուստներ հաստատ չէինք ունենա, եթե մեր պահեստազորը պատրաստված լիներ, որովհետև պահեստազորը նույնիսկ բնության մեջ չէր կարողանում կողմնորոշվել և չէր կարողանում հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք տարբերել, այսինքն այդ աստիճան անպատրաստ էր», - ընդգծեց նա:

Հավաքներից խուսափողները պատասխանատվության կենթարկվեն՝ մինչև 3 տարվա ազատազրկում։ Զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետ Արմեն Աֆթանդիլյանը պարզաբանում է, թե որ պահեստազորայինները չեն ներգրավվի հավաքներին։

«Հիմնականում այն քաղաքացիները, որոնք ամրագրված են պաշտոնները և զբաղեցնում են այդ պաշտոնները և ունեն առողջական խնդիրներ, իսկ մնացածը բոլոր կատեգորիաները՝ և տարիքային ցենզը հաշվի առնելով, ենթակա են վարժական հավաքների», - ասաց Աֆթանդիլյանը:

Հաջորդ եռամսյա վարժական հավաքը Պաշտպանության նախարարությունը նախատեսում է անցկացնել արդեն սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Համապատասխան որոշումը հանրային քննարկման է դրվել։ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է այդ հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 869 պահեստազորային։ Այս հավաքի մասնագիտությունների շարքն ընդլայնվել է։ Ներգրավվելու են հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, տեխնիկական, տեղագրական, թիկունքային մասնագիտություններ ունեցող պահեստազորայինները։