«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները շարունակում են պայքարը. կառուցապատողը պնդում է` վաղը շինաշխատանքները մեկնարկելու են

Երևանցիներին «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի թաղամասի փոքրիկ բնակիչները նույնքան ակտիվ են, որքան մեծերը. պայքարը շարունակում են՝ դեմ են իրենց թաղամասում 12 հարկանի բնակելի շենքի կառուցմանը։ Այսօր էլ Երևանի քաղաքապետարանի դիմաց էին իրենց բողոքը բարձրացնում։ Մինչ բնակիչներից մի քանիսը ներսում, սեղանի շուրջ ներկայացնում էին շենքը չկառուցելու իրենց փաստարկները, մյուս մասը դրսում իրազեկման խաղաղ ակցիա էր իրականացնում։

«Մեր թաղամասը ենթարկվում է ոստիկանական ահաբեկչության, ամեն տեսակ վտանգների ենթարկվելով` մենք պայքարում ենք մեր, բոլորիս հուշարձանի համար: Ձեռքներդ հեռու՛ ֆիզիկայից», - այս կոչն էին հնչեցնում:

Արդեն մի քանի օր է` Ալիխանյան 6/1 հասցեում գտնվող թաղամասում բնակիչները պայքարում են նախատեսվող շինարարության դեմ, բայց խնդիրն ավելի հին է։ Ինչպես պնդում են բնակիչները, դեռ 2000-ականներին գոյություն չունեցող 50 քմ նկուղի հիման վրա ապօրինի սեփականաշնորհված մոտ 2000 քմ մակերեսով տարածքը հետագայում վերավաճառվել է, վերջին ու ներկայիս սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որն այս տարվա հուլիսի 29-ին է քաղաքապետարանից բնակելի շենքի կառուցապատման շինթույլտվություն ստացել։ Համարվում է բարեխիղճ գնորդ, ունի շինարարություն իրականացնելու բոլոր հիմքերն ու փաստաթղթերը, ասում են քաղաքապետարանից։ Բնակիչներն էլ բերում են իրենց հակափաստարկները։

«Բոլոր փաստաթղթերը և ձեռքբերումները կատարվել են անօրինական ձևով, մենք ունենք բոլոր ապացույցները դրա վերաբերյալ, և գնում են համապատասխան դատավարությունները: Մեզ թվում է, որ մենք պետք է սպասենք, որ դատարանը վճիռ կայացնի», - ասում է բանկիչներից մեկը:

«Ցանկացած երկրում առաջին քաղաքաշինական ցուցանիշը, որ վերաբերում է կառուցապատման որակին, ու որով ի սկզբանե սահմանափակումներ են դրվում, կառուցապատման խտությունն է, որը տվյալ նախագծի դեպքում ՀՀ-ում գործող օրենքի համաձայն գերազանցում է 3 անգամ համարյա»:

Բնակիչները նաև նշում են, որ գիտավանն այս տարվա փետրվարին Մշակույթի նախարարության կողմից տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Սակայն, ըստ բնակիչների՝ այն տարածքը, որտեղ նախատեսվում է շենքի կառուցապատում իրականացնել, հանվել է որոշումից։ Բացի այդ, կառուցապատման համար պետք է հատվեն 70 տարեկան ծառեր։

Կառուցապատող «Ռատկո» ընկերության սեփականատեր և տնօրեն Արտակ Մնացականյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ տարածքը ձեռք բերելիս որևէ խնդրի մասին չի իմացել, քանի որ չի եղել դատական վճիռ՝ անօրինական գործարքի մասին, ինքն էլ ունի շինարարությունը սկսելու բոլոր հիմքերը. «Մենք իրավունք ունենք ցանկացած ծառ, որ մտնում է մեր տարածքի մեջ, հատել կամ տեղափոխել, եթե տեխնիկապես հնարավոր է: Հրավիրելու եմ մասնագետների, 60 տարվա ծառ է, բայց կարող է փչացած լինի, ես պարտավորություն ունեմ կանաչապատման վարչությանը, քանի հատ ծառ հատեմ, երկու անգամ ավելի նման ծառերից մենք տնկելու ենք իրենց ասած վայրերում»:

Շինարարությունը սկսել առայժմ տարածքի բնակիչները թույլ չեն տալիս։ 2 օր շարունակ ոստիկանների, կարմիր բերետավորների ու բնակիչների միջև բախումներ են հենց այդ պատճառով։ Ըստ բնակիչների՝ 2 օրում եղել են 9 բերման ենթարկվածներ, 1 սրտի կաթվածով հոսպիտալացված քաղաքացի, 1 որովայնի հատվածում հարվածով հիվանդանոց տեղափոխված անչափահաս ու հարուցված քրեական գործեր, այդ թվում՝ գույքը վնասելու մեղադրանքով։

«19 տարեկան երիտասարդին ծեծելով տարել են բաժին, ծեծել են, ՄԻՊ-ի տղաներն էլ ներկա են եղել այնտեղ, վերջում էլ գործ են կարել երիտասարդի վրա պետական գույքի վնասման, այն պարագայում, երբ իրենք մեքենան քշել են տղայի մոր վրա: Ես ուզում եմ տեսնել այդ ոստիկանի դեմքը, եթե ինչ-որ մեկը մեքենա քշեր իր մոր վրա, ի՞նչ պիտի աներ այդ ոստիկանը», - ասում է բնակիչներից մյուսը:

Քաղաքապետարանում բնակիչների հետ քննարկումից հետո ասել են, որ 2 օր ժամանակ է պետք ներկայացված հիմքերը ուսումնասիրելու համար, որոնց իրենք ծանոթ չեն եղել, խոստացել են նաև կառուցապատողին առաջարկել առայժմ կասեցնել շինաշխատանքները, բայց պարտադրել չեն կարող, «Ազատությանը» տեղեկացրեցին բնակիչները։ Շինաշխատանքները դադարեցվել են, քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունից պարզել են, որ նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցել, պնդում են բնակիչները։ Ավելին` ասում են` կառուցապատման ծավալները փոքր են ներկայացվել, որպեսզի այդ փորձաքննության կարիքը չլինի։ Շրջակա միջավայրի նախարարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց, իսկ ինքը՝ կառուցապատողը հերքում է այդ լուրերը։

«Մեր նախագիծը ՇՄԱԳ-ի կարիք չունի, մեր փոսորակը 1500-ից քիչ է, հերյուրանք են տարածում, մեր նախագիծը անցել է համալիր փորձաքննություն, և բոլոր գերատեսչույթւոնները, այդ թվում` բնապահպանության նախարարությունը իրենց կարծիքն են հայտնում այդ նախագծի վերաբերյալ», - ասաց Արթուր Մնացականյանը:

Շինաշխատանքները մեկնարկելու են վաղը առավոտյան, տեղեկացրեց կառուցապատողը։ Իրենք որևէ մեկի կողմից կասեցման որոշում չունեն։ Միայն առաջարկներ են, նման հորդորով Հայաստանում գործող մոտ 20 կազմակերպություններ ևս հանդես են եկել, կոշտ ձևակերպումներով դատապարտում են քաղաքապետարանի քաղաքականությունը և կոչ անում վերանայել տրված շինթույլտվությունը, վերացնել ապօրինություններն ու պատճել բռնություն գործադրած ոստիկաններին։