ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցը բանակցություններով լուծելու կոչ է անում՝ բարձրացնելով ԼՂ-ի կարգավիճակի հարցը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, արխիվ

Միացյալ Նահանգները հերթական անգամ ղարաբաղյան հարցը բանակցություններով լուծելու կոչ է անում՝ այս անգամ բարձրացնելով նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս որոշված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- «Լուրեր»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սյունիքի մարզ այցելած Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի նվազեցման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների վերացումն ու մյուս խնդիրների վերջնական կարգավորումը։ Մենք կարծում ենք, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռևս որոշված չէ», - նշել է դեսպանը։

Մինսկի խմբի մյուս համանախագահող Ֆրանսիայից հստակ հայտարարել են՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո»։ Իսկ Ռուսաստանը թեև ասում է, որ կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցնել, հարցն ապագայի խնդիր է համարում, ինչպես ավելի վաղ առանց ժամկետներ նշելու Ռուսաստանի նախագահ Պուտինն էր ձևակերպել՝ «հարցը պետք է լուծել ապագայում, ապագա ղեկավարների կամ այդ գործընթացի մասնակիցների կողմից»:

Պաշտոնական Երևանից պարբերաբար հնչել է բանակցություններին ներգրավվելու պատրաստակամություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ անգամ հայտարարեց, թե «սպասում են կոնկրետ առաջարկների», Ադրբեջանն է հարցը լուծված համարում։

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Լին Թրեյսիի հայտարարությունը համարում է շատ կարևոր: Ըստ նրա, եռանախագահները նույն կարծիքին են՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, այն օրակարգում է, ուստի Ալիևը չի կարող հասնել իր ծավալապաշտական ծրագրերին։

«Խնդիրը այն չէ, որ պետք է վաղը սկսվեն բանակցություններ կարգավիճակի վերաբերյալ, այդ բանակցությունները Ադրբեջանը հնարավորինս ձգձգելու է խուսափելու է հակամարտության մասին ինչ-որ բանակցություններ վարել: Բայց դա չէ կարևոր, կարևորը այն է, որ երեք համանախագահող երկրների ներկայացուցիչները հստակ նշում են, որ կարգավիճակի հարցը կարևոր է, այն օրկարգում է և հակամարտությունը կարգավորված չէ: Հիմա ռուս խաղաղապահները այստեղ են, լայնածավալ պատերազմ հնարավոր չէ, ԵԱԱՀԿ Մինսկի եռանախագահող երկրների ներկայացուցիչները հայտարարում են, որ օրակարգում է կարգավիճակի խնդիրը, ինչը նշանակում է, որ այդ հարցը լուծված չէ, ինչը նշանակում է նաև պատգամ Ալիևին», - ասաց Բաբայանը:

Ադրբեջանական զորքը Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում արդեն 3.5 ամիս է առաջ է եկել, պարբերաբար լարվում է իրավիճակը նաև Նախիջևանի հետ սահմանակից Արարատի մարզի Երասխի հատվածում։ Սահմանային տարբեր հատվածներում թեժացող վիճակի հետևանքով հայկական կողմից զոհեր ու վիրավորներ եղան, զինվորներ գերի ընկան, դրան գումարած գյուղացիների անհանգստությունն ու միջադեպերը, որոնց նրանք պարբերաբար բախվում են՝ խոտհունձի դժվարություններից մինչև անասնապահության բարդություններ։ ԱՄՆ-ի դեսպանը Սյունիքում լրագրողների հետ զրույցում արձագանքել է նաև անվտանգության ու սահմանային միջադեպերին վերաբերող հարցին, կոչ արել «իրավիճակի դեէսկալացիայի և որ վերջ տրվի բռնություններին»։

«Խնդիրների լուծումը անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովությունն է վտանգվում, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպան Թրեյսին։

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ասում է՝ ադրբեջանական կողմից թեթև կրակոցներ լինում են պարբերաբար, կարծում է՝ այդ սադրանքներն արցախցիների վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն. որոշիչը, կարծում է, մինչև վերջ կանգնելն է լինելու. «Ամեն ինչ կախված է մեզանից, ես ձեզ կարող եմ բացեիբաց ասել՝ ամեն ինչ, եթե աշխարհը տեսնում է, որ Արցախի բնակչությունը երբիցե չի ընդունելու Ադրբեջանի կազմում գոյատևելու որևէ հեռանկար, ի՞նչ են անելու, կոտորելո՞ւ են մեզ»: