Թուրքիան ցանկանում է Հայաստանին փոխգործակցություն առաջարկել՝ հայ-ռուսական դաշինքի փոխարեն. Սաֆրաստյան 

Թուրքիայի նպատակն է Հայաստանին փոխգործակցություն առաջարկել՝ հայ-ռուսական դաշինքի փոխարեն՝ այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ Սաֆրաստյանի, հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության նպատակներից է ցույց տալ Երևանին Կրեմլի հետ դաշինքի անարդյունավետությունը։ Անկարայի ծրագիրն է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, ուստի անվտանգության ոլորտում համագործակցության ձևաչափ է առաջարկում տարածաշրջանի երկրներին։

«Ազատություն». - Իսկ ընդհանրապես Հայաստանի հետ կապված 44-օրյա պատերազմից հետո արդեն Էրդողանի կառավարությունում ի՞նչ են մտածում: Կարծես լռության մի շրջան է սկսվել, ճիշտ է՝ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին սատարող կարճ և ծանոթ հայտարարություններ լսում ենք, բայց ընդհանուր առմամբ ռազմավարական առումով ի՞նչ են մտածում Հայաստանի ուղղությամբ Անկարայում, ի՞նչ կարող եք ասել:

Սաֆրաստյան. - Ես կարծում եմ՝ Անկարայում, այսպես ասած, երկու մոդել գոյություն ունի Հայաստանի հետ կապված. առաջինը՝ հնարավորինս Հայաստանը թուլացնել և հասնել այն բանի, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալուց որպես ինքնուրույն, ինքնիշխան պետություն, երկրորդը՝ «ավելի մեղմ տարբերակը»՝ Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելով, հիմա ինչ որ տեղի է ունենում, հասնել այն բանի, որ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից և մտնի Թուրքիայի ազդեցության ոլորտ: Սա, ինձ թվում է, այն երկրորդ տարբերակն է, որի վրա Թուրքիայում աշխատում են, դա իհարկե, տարիների խնդիր կլինի, իրենց ընկալմամբ, բայց ես կարծում եմ, որ հենց դրա վրա են նրանք կենտրոնացել:

«Ազատություն». - Այսինքն՝ Թուրքիան ցանկանում է ամեն կերպ ցույց տալ, որ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքը անարդյունավետ, Հայաստանին միայն վնասներ բերող փոխգործակցություն է, և ինքը դրա փոխարեն առաջարկում է Թուրքիայի հետ փոխգործակցությո՞ւն:

Սաֆրաստյան. - Սա ես դիտարկում եմ Թուրքիայի մեր տարածաշրջանում ընդհանուր աշխարհառազմավարության շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հարավային Կովկասը դարձնել Թուրքիայի ազդեցության ոլորտը՝ այստեղից դուրս մղելով Ռուսաստանին: Այդ մեծ ծրագիրն իրականացնելու համար բանալի նշանակություն ունի, իհարկե, Հայաստանը, դրա համար Հայաստանի վրա այսպես ուժեղ ճնշում է գործադրվում:

«Ազատություն». - Պարոն Սաֆրաստյան, ժամանակին թուրքական կողմը բազմիցս էր ասում, որ երբ որ կլուծվի Ղարաբաղի հարցը կամ որևէ էական տեղաշարժ կնկատվի այդ խնդրում, մենք պատրաստ ենք նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, սահմանը Հայաստանի հետ կվերաբացվի, հիմա գոնե Իլհամ Ալիևի կարծիքով ղարաբաղյան հարցը կարգավորված է, բայց դարձյալ շուտով կլրանա մեկ տարին, ինչ պատերազմը սկսվեց և ավարտվեց, հայ-թուրքական հարաբերություններում նկատելի առերևույթ տեղաշարժ մենք չենք տեսնում, ի՞նչ եք կարծում:

Սաֆրաստյան. - Այո, միանգամայն ճիշտ է՝ Թուրքիան, ըստ էության, ոչ միայն շարունակում է իր հարկադրման քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որը նա վարել է սկսած դեռ 91 թվականից, այլ նաև, ինչպես ասացի, ճնշումն է ուժեղացնում Հայաստանի վրա: Այնպես որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, ես կարծում եմ, դրա մասին խոսք լինել չի կարող՝ ի տարբերություն Հայաստանի, որը շարունակում է նույն քաղաքականությունը 30 տարվա՝ 91 թվականից սկսած, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների: Այսինքն՝ Թուրքիայի նախապայմանների այդ հարկադրման քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ ավելի ուժեղ է ճնշումը Հայաստանի վրա իրականացվում:

«Ազատություն». - Բայց միևնույն ժամանակ Դուք ասում եք, որ Թուրքիան ընդհանուր առմամբ նպատակ ունի Ռուսաստանին փոխարինել տարածաշրջանում, հետևաբար փոխգործակցություն առաջարկել Վրաստանին, Ադրբեջանին, բայց նաև Հայաստանին:

Սաֆրաստյան. - Այո, Հայաստանին այն վիճակում, որ Հայաստանը չունենա իր աշխարհառազմավարական դաշնակիցը այս տարածաշրջանում և ենթարկվի Թուրքիայի նախապայմաններին, Թուրքիայի քաղաքականության մաս կազմի, այո, այդ պայմաններում նրանք համաձայն են:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.