Երևանի «Ֆիզգորոդոկ»-ում բարձրահարկի կառուցումը` բողոքի ու հրմշտոցի պատճառ. կան բերման ենթարկվածներ

Երևանցիներին ավելի շատ «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում (Ալիխանյան 6/1) արդեն երկրորդ օրն է` իրավիճակը չի հանդարտվում։ Բնակելի 12 հարկանի շենքի կառուցապատման նպատակով տարածքում շինարարություն է նախատեսվում, բնակիչները դեմ են, ունեն մտահոգություններ։ Ասում են՝ բարձրահարկը նախ 3-4 հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը կխաթարի, հետո էլ Երևանում եզակի մնացած խիտ կանաչ տարածքի ծառերը կհատվեն՝ վնասելով էկոֆլորան ու կենսամիջավայրը, որտեղ բացառիկ ծառատեսակներ, թռչնատեսակներ ու ոզնիներ կան։

Տարածք եկած ոստիկաններն ու կարմիր բերետավորները ապահովում էին տեխնիկայի աշխատանքը։ Հորդորեցին բնակիչներին չխոչընդոտել. «Մենք էլ ձեզ տալիս ենք ժամանակ, որ պատասխանատուները ներկայանան ու հաշվետու իրենց արարքների համար»:

Երկու կողմի հորդորներն էլ օդում մնացին՝ ոստիկանությունը ուժով հարցը լուծեց։

4 քաղաքացի բերման ենթարկվեց՝ ոստիկանների պահանջը չկատարելու համար, ապա 3 ժամ անց ազատ արձակվեց, «Ազատությանը» տեղեկացրին ոստիկանությունից։ Բերման ենթարկվելիս քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել. «Շատ վատ էի, սիրտս վատ էր, տարան վերև, շտապօգնությունն ինձ համար կանչեցին, եկան, պարզվեց, որ սրտի հետ ինչ-որ խնդիրներ ունեմ, որի մասին ես չգիտեի: Նոր նկատեցի, որ փաստորեն վրաս կապտուկներ կան, որ չեմ զգացել, նոր զգացնել է տալիս»:

Ոստիկանության հետ հրմշտոցի արդյունքում նաև մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ, ժամանած շտապօգնությունն առաջին օգնություն ցուցաբերեց։

Երեկ էլ նույն վիճակն էր, ահազանգում են բնակիչները. «Այս շենքի բնակիչն այս ամենի արդյունքում Նորք Մարաշ հիվանդանոցի ռեանիմացիայում պառկած է»:

Խորհրդային շրջանում Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար կառուցված գիտավանն այս տարվա փետրվարին Մշակույթի նախարարության կողմից տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Սակայն, ըստ բնակիչների՝ այն տարածքը, որտեղ նախատեսվում է շենքի կառուցապատում իրականացնել, հանվել է որոշումից` ըստ էության կանաչ լույս վառելով նորակառույցի համար. «Որոշ ժամանակ անց իմանում ենք, որ որոշ պետական պաշտոնյաների և կառույցների ճնշման ներքո այս հատվածը հանվել է հուշարձանի տարածքից, որը ենթակա է կառուցպատման»:

Որ տարածքում շինարարություն է սկսվելու, բնակիչները օգոստոսի 19-ին հասկացան, տեխնիկա էր բերվել, ոստիկաններ էին եկել՝ շինաշխատանքները վերահսկելու համար։ Ուղիղ մեկ տարի առաջ ևս բնակիչները բողոքի ցույցի էին դուրս եկել շենքի կառուցման դեմ ու հարյուրավոր ստորագրություններ հավաքել։ Ի վերջո, նախորդ տարի շինարարությունը չմեկնարկեց, սակայն կառուցապատողը ցանկանում է անել դա հիմա. «Ես մեծ կասկած ունեմ նաև, որ այդ քաղաքաշինական, կոմունիկացիաներ և այլն կարող են շատ լուրջ հետևանքների բերել այս շենքերի ջրամատակարարման, կոյուղաջրերի և այլ հարցերը, սա նորմալ չի ուսումնասիրվել, պետք է նորմալ ուսումնասիրվի, հստակ հաշվարկներով ապացուցվի, որ սա չի վնասի»:

Սկսած 2004թ.-ից մի քանի սեփականատերեր փոխած, մոտ 2000 քմ մակերեսով հողատարածքի ներկայիս սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը տարածքում 12 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է ստացել այս տարվա հուլիսի 29-ին։ Նախագծի համաձայն` այստեղ թույլատրվում է 45 մ բարձրությամբ շինություն կառուցել։ Ըստ 5 մլն դոլար արժողությամբ ծրագրի` 12 հարկանի շենքն ունենալու է 90 բնակարան, 50 ստորգետնյա և 30 բացօթյա ավտոկայանատեղի։

Գնորդը բարեխիղճ է, սեփականատերն ունի տարածքում շինարարություն իրականացնելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ կառուցապատման շինթույլտվությունը տրվել է մանրակրկիտ ուսումնասիրությունների ու երկարատև քննարկումներից արդյունքում, ասում են քաղաքապետարանից։

Կառուցապատող «Ռատկո» ընկերության համասեփականատեր և տնօրեն Արթուր Մնացականյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց, բայց նախորդ տարի «Ազատությանը» տված հարցազրույցում, ինչպես նաև երեկ լրատվամիջոցների հետ զրույցում Արթուր Մնացականյանը հիշեցրել է, որ իրենք բարեխիղճ գնորդ են և պատասխանատվություն չեն կրում, թե իրենցից առաջ ինչ է եղել: Իսկ ինչ վերաբերում է ծառերի հատմանը, ապա քաղաքապետարանից կա պահանջ, որ տարածքում պետք է գերակշռի կանաչապատումը, համաձայնել են` 100 հազար դոլարի այգի են կառուցելու, 1000 քմ տարածքն օգտագործվելու է կառուցապատման, իսկ 900 քմ-ը՝ կանաչապատման համար, որից բնակելի շենքի կառուցապատման մակերեսը 50 տոկոս է։

Տարածքը բարեկարգելու են, լուսավորելու են, վստահեցնում է կառուցապատողը։ Տարածքի բնակիչները այս ամենին դեմ չեն լինի, բայց նախապայմանով. «Նախկին գլխավոր ճարտարապետ Մեսչյանն ասել էր, որ այստեղ 4 հարկից ավելի չպետք է կառուցվի, ես, օրինակ, դեմ չեմ, կարծում եմ` մաս մասը դեմ չի լինի», - նշում է բնակիչներից մեկի:

Բարձրահարկի փոխարեն 4-5 հարկանի շենք կառուցելու բնակիչների առաջարկը սեփականատերը շահավետ չի համարում։ Բնակիչները հանցագործության մասին հաղորդում են տվել, արձագանք առայժմ չկա. «Ներկայացված են նոր հաղորդումներ, առայսօր քրեական գործ հարուցված չէ: Մենք պահանջում ենք, որ հարուցվի քրեական գործ այն պատճառով, որ ժամանակին այստեղ պետությունից, ըստ էության, հափշտակվել է սեփականություն, տեղի է ունեցել` պետական սեփականությունը վերածվել է մասնավոր սեփականության ապօրինի կերպով, առավել ևս, որ այս տարածքի նկատմամբ որպես հանրային տարածք ընդհանրապես ոչ վարձակալության իրավունք, ոչ սեփականության իրավունք մասնավոր անձի մոտ չէր կարող առաջանալ, բայց քրեական գործը հարուցված չէ: Մենք պահանջում ենք, որ հարուցվի այդ քրեական գործը, հողամասը վերադարձվի պետությանը»:

Վիճելի տարածքը 2004-ին սեփականաշնորհվել է ապօրինաբար, ասում են բնակիչները, իրենք են պարզել։ Սեփականության իրավունքը ձեռք է բերվել գոյություն չունեցող 50 քմ նկուղի տարածքի հիման վրա, որը գոյություն չի էլ ունեցել։ Դեռ այն ժամանակ ներկայացված փաստերը անտեսվել են, քրեական գործ չի հարուցվել, իսկ այսօր փաստացի կա մի իրավիճակ, երբ սեփականատերը տարածքը գնել է օրինական։

Բնակիչներից մեկը լուր բերեց քաղաքապետարանից՝ այսօր աշխատանքները դադարեցվում են մինչ երկուշաբթի։

Ինչպես ավելի ուշ տեղեկացանք, կարճ ժամանակ անց տեխնիկան նորից սկսել է աշխատել տարածքում, ինչի հետևանքով կրկին հրմշտոց է սկսվել։ Ըստ բնակիչների՝ մեկ քաղաքացի, երկու անչափահասներ բերման են ենթարկվել։ Ոստիկանությունից հերքեցին անչափահասներին բերման ենթարկելու մասին լուրը, բայց հաստատեցին, որ 3 անձ կրկին բերման է ենթարկվել` մեկը գույքը վնասելու, 2-ը՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրանցից մեկի ինքնազգացողությունը ճանապարհին վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։ Բնակիչները նաև «Ազատությանը» տեղեկացրեցին, որ 16-ամյա տղաներից մեկն էլ փորի շրջանում հարված է ստացել և ցավերի առկայության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիճակն արդեն լավ է, լուրջ վնասվածք չկա, հայտնեցին ծնողները։