Երկուշաբթի օրը ԱՄՆ-ում պաշտոնապես կհաստատեն Pfizer-BioNTech վակցինան

Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը, արխիվ

ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը պետք է գալիք երկուշաբթի օրը վերջնական հավանություն տա կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech ընկերության ստեղծած պատվաստանյութի կիրառմանը:

Ենթադրվում է, որ պաշտոնական հաստատումը կհամոզի դեռևս չպատվաստված ամերիկացիներին այդ վակցինայով պաշտպանվել COVID-19-ի դեմ:

Pfizer-BioNTech ամերիկա-գերմանական ընկերության ստեղծած վակցինան անցյալ տարվա դեկտեմբերից արդեն կիրառվում է Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, սակայն ԱՄՆ-ում այն ընդունվել է ժամանակավոր տարբերակով՝ որպես արտակարգ քայլ համավարակը զսպելու համար:

Միացյալ Նահանգներում նոր դեղամիջոցի հաստատումը բարդ գիտական, տեխնիկական և իրավական գործընթաց է, որը կարող է ամիսներ և նույնիսկ տարիներ տևել:

Ենթադրվում է, որ Pfizer-ի պաշտոնական հաստատումից հետո Պենտագոնը կպատվիրի այդ վակցինայի մեծ խմբաքանակ զինծառայողներին պարտադիր պատվաստելու համար:

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ զինվորականների օրինակին կհետևեն նաև քաղաքացիական իշխանությունները:

Միացյալ Նահանգներում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ՝ երկու ներարկումներով, պատվաստվել է չափահաս բնակչության մոտ 60 տոկոսը:

Պաշտոնական հաստատումից հետո բժիշկները նաև կսկսեն ավելի արագ նշանակել երրորդ դեղաչափի ներարկումը, որը պետք է հզորացնի օրգանիզմի իմունային պաշտպանությունը կորոնավիրուսի դեմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հարուստ երկրներին հորդորում է հետաձգել երրորդ դեղաչափի ներարկումները և այդպես աղքատ երկրների բնակիչներին տալ առաջին դեղաչափը ստանալու հնարավորություն: