Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհի՝ Քոբեր-Ալավերդի 5 կիլոմետրանոց հատվածը կառուցող շինարարներն այսօր հերթական անգամ բողոքի ցույցի էին դուրս եկել։ Շինարարները վերջնաժամկետ տվեցին իրենց գործատու «Ճառագայթ» ՓԲԸ նախագահ Վաչագան Խուրշուդյանին՝ եթե երկուշաբթի չստանան մինչև 7 ամսվա չվճարված աշխատավարձը, ապա կդիմեն ծայրահեղ քայլերի։
«Ես ուսանողի վարձի խնդրի հետ գործ ունեմ...ձև չունեմ էլ պահելու ընտանիքս, ո՞նց անեմ, դե ասա, օգնի», - ասում էին նրանք:
«Եթե հանկարծ պարզվի, որ «Ճառագայթ» ՓԲԸ-ն ինչ-որ մի տեղ այնպիսի աշխատանք է կատարել, որ այս մարդկանց աշխատավարձը չի տվել, բնական է` մենք ամբողջովին պատասխան կտանք»:
10 օր առաջ շինարարները փակել էին իրենց կողմից կառուցվող ավտոճանապարհը։ Խուրշուդյանից աշխատավարձը վճարելու մասին հեռակա խոստումներ լսել, բայց 10 օրվա ընթացքում որևէ փոփոխություն չեն տեսել։ Այսօր ընկերության նախագահը եկել էր հանդիպելու աշխատակիցների հետ։ Նոր խոստում հնչեց. առաջիկա երկուշաբթի շինարարներին կվճարի մոտ 50 միլիոն դրամ պարտքի մի մասը։
Ասաց՝ 20 միլիոնի վարկ է վերցրել բանկից զուտ աշխատողների աշխատավարձը փակելու համար. «Ես ասացի` երկուշաբթի օրը, երկուշաբթի օրը հնարավորին չափով բոլորին աշխատավարձը, ինչ որ հնարավոր է, և մնացած այդ գումարը եթե հերիքի, մինչև սեպտեմբերի 10-15-ը ամբողջովին վարկի միջոցով է, ինչով է, մարելու եմ: Եթե այդ պայմանին համաձայն եք...»:
Հավաքվածներից մեկը նկատեց. «Ինձ ռասչոտ արա, իմ փողը տուր, ես գնում եմ»: «Շանտաժով խոսել չկա, ես ասացի ձեզ», - եղավ արձագանքը:
74-ամյա Յուրիկ Սարգսյանը ընկերությունում վարորդ է աշխատել։ Ասում է՝ դեռ անցած տարեվերջին վիրահատվել է։ Հիվանդանոցում էլ տեղեկացել է, որ իրեն ազատել են աշխատանքից. «Զանգեցի, որ հարցնեմ, ասեմ` բյուլետենը ոնց եմ փակելու, թե` քեզ հեռացում են տվել»:
Ընդ որում, բոլոր աշխատակիցները պնդեցին, որ աշխատանքի ընդունելու մասին դիմում վերցնելուց առաջ նախ ստիպել են մի դիմում էլ գրել աշխատանքից ազատվելու մասին՝ առանց ամսաթվի։ Յուրիկ Սարգսյանը համոզված է, որ իր այդ գրած դիմումին ամսաթիվ են ավելացրել ու ազատել աշխատանքից. «Սկզբից պետք է գրես ռասչոտի դիմումը, հետո ընդունվելու դիմումը: Ես 74 տարեկան եմ, առաջին անգամ եմ լսել այդ բանը»:
Ընկերության ղեկավարը հերքեց` նման բան չի կարող լինել, ու խոստացավ` սխալը կուղղեն, ժամանակ առ ժամանակ շեշտում էր իր ազնվական ծագումը և նախկին իշխանություններից ստացած կոչումներն ու մեդալները. «Խուրշուդյանը, լսեք, ազնիվ, կուլտուրական մարդ է, նա մարդուն ոչ գցած է, ոչ էլ»:
Հայաստանում խոշոր ճանապարհաշինական ծրագրեր իրականացրած «Ճառագայթ» ընկերությունը այս շինարարության դեպքում ենթակապալառու է։ Ընկերության նախագահը պնդում է, թե 2018-ին սկսված աշխատանքների մեծ մասն արդեն կատարել են ըստ նախագծի, մինչդեռ մոտ 800 միլիոն դրամի աշխատանք կատարելուց հետո, ըստ Խուրշուդյանի, անհամաձայնություններ են առաջ եկել իրենց, նախագծողի ու գլխավոր կապալառու «Հորիզոն» ընկերության միջև. «Ես ինքս գործընթաց եմ սկսում, որպեսզի փաստաթղթերս հավաքեմ և տեսնեմ` իմ մեղքն է, «Հորիզոնի» մեղքն է, ինժեներիայի մեղքն է, դեպարտամենտի»:
Վաչագան Խուրշուդյանն ասում է՝ ամեն ինչ իդեալական են արել, մինչդեռ իր հետ պայմանագիր կնքած «Հորիզոն» ընկերությունը չի ընդունում աշխատանքներն ու չի վճարում մոտ 800 միլիոն դրամը. «Մոտ 800 միլիոն դրամի կատարել ենք աշխատանք, չեն հաստատում: Հունվարից մինչև հիմա կոպեկ չենք ստացել M-6-ի գծով»:
Ավելին, գլխավոր կապալառուն՝ «Հորիզոն»-ը օրեր առաջ խզել է պայմանագիրն ու շինարարությունն իր վրա վերցրել։ Այսօր արդեն այստեղ «Հորիզոնի» աշխատակիցներն ու տեխնիկան էր գործ անում։ Բայց Վաչագան Խուրշուդյանն ասում է՝ գործն այսպես չի թողնի, իրավական գործընթաց է սկսելու` պարզելու՝ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի այլ վայրերում հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ են կառուցում, բայց ընդամենը 40 կիլոմետրանոց այս հատվածը գլուխ չի գալիս, չնայած երկրի ամենախոշոր երեք շինարարական ընկերություներն են այստեղ աշխատում. «Այս խմորը դեռ էնքան ջուր է տանելու, որ պարզվի: Խաղալիք չի, ես կառուցել եմ այս ճանապարհի ամենաբարդ հատվածը, և միայն ես եմ վերջացրել այս հատվածը, քանի որ տեսել են, որ ծրագիրը միայն ես եմ հասցրել, սկսել են` էս բանը ճիշտ չի, էն բանը ճիշտ չի:
Ոչ թե իրավական, շուտով կլսեք, հանցագործության մասին հաղորդումս»:
Ի վերջո, իրենց վաստակած աշխատավարձին սպասող շինարարները համաձայնեցին՝ կսպասեն մինչև երկուշաբթի, ավելին չեն կարող. «Ես էս հեքիաթներին չեմ հավատում: Երկուշաբթի է ասում, խոստանում է, ես երկուշաբթի գալու եմ, իմ 450-ը քեզանից ստանամ ու գնամ, ժողով էլ ինձ չի հետաքրքրում, զզվել եմ»: