Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր սկսեց քննել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու համար մեղադրվող «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուին առնչվող գործը։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության 35-ամյա անդամ Հակոբ Էքիզլարյանն արդեն շուրջ երկու ամիս է՝ հետախուզման մեջ է։ Ընտրակաշառքի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը ամիսներ առաջ ձերբակալել էր նրան, սակայն դատարանն ազատ էր արձակել պատգամավորի թեկնածուին, ինչից հետո Էքիզլարյանը լքել էր երկիրը։
Փաստաբան Արտակ Նավասարդյանն «Ազատության» հետ զրույցում չցանկացավ իր պաշտպանյալի թեմայով խոսել, բայց պնդեց՝ պատգամավորի նախկին թեկնածուն մեղադրանքը չի ընդունում. «Պարոն Նավոյանը, գումարները տրվել են բացառապես աշխատանքի հիման վրա, աշխատանքային պայմանագրով կնքված պայմանագրի շրջանակներում»:
Ըստ մեղադրանքի` «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հակոբ Էքիզլարյանը, ինչպես նաև դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանը ընտրողներին առաջարկել և խոստացել են 20 հազարական դրամ կաշառք` արտահերթ ընտրություններին մասնակցելու և դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Պարզվել է նաև, որ 40 հազար դրամ է տրվել Անահիտ Գրիգորյանին, որը, սակայն, ըստ պաշտպանի` ոչ թե «Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու, այլ շտաբի համար աշխատելու դիմաց է փող ստացել, անգամ դա վկայող պայմանագիր կա, ասաց Նավասարդյանը։ Անահիտ Գրիգորյանը մեղադրվում է ընտրակաշառք ստանալու համար։
«Մեղադրանք է առաջադրվել պարոն Նավոյանին այն բանի համար, որ ինքը ենթադրաբար որպես ընտրակաշառք տիկին Գրիգորյանին տվել է 40 հազար դրամ, սակայն հետագայում էլ դատական նիստում կներկայացնենք, որ այդ գումարը եղել է ոչ թե ընտրակաշառք, այլ քարոզչություն իրականացնելու համար ծագած քաղաքացիաիրավական պայմանագրի վրա որոշակի աշխատանքների համար պայմանագրային վճար:
Կարևոր չի` շտաբում է աշխատել, թե շտաբից դուրս, կարևորն այն է, որ շտաբի պատասխանատուի հետ կնքել է համապատասխան պայմանագիր», - նշեց փաստաբանը:
Քանի որ պատգամավորության թեկնածուն հետախուզվում է, դատարան է ուղարկվել մյուս երկուսի գործը։ Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` մեղադրյալներից մեկը՝ Անահիտ Գրիգորյանը, խոստովանել է մեղքը։ Նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Կալանքի տակ է «Պատիվ ունեմ»-ի Քանաքեռ և Զեյթունի շտաբի պետ Գևորգ Նավոյանը։ Դատական նիստին ազատության մեջ գտնվող մեղադրյալ Անահիտ Գրիգորյանը չէր եկել, քանի որ առաջին նիստի ժամանակ քննարկվում է միայն կալանքի տակ գտնվող մեղադրյալին ազատ արձակելու հարցը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Նավոյանին թողեց կալանքի տակ, թեև նրա պաշտպանները հայտարարում են, որ 50-ամյա տղամարդը առողջական խնդիրներ ունի, և դա էր պատճառը, որ այսօր դատարան բերվելու փոխարեն նրան տեղափոխել էին հիվանդանոց. «Ընդհանրապես կալանքի անհրաժեշտությունը, կալանավորման անհրաժեշտությունը չկա, ի սկզբանե չի էլ եղել, բայց ներկայումս վերացել է, որովհետև դատակոչի այն վկաները, որոնք հարցաքննվել էին, վկաներից որևէ մեկը դատակոչի ցուցակում չկա, իսկ պարոն Նավոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրվել է բացառապես այդ գործին մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ճնշում գործադրելու ռիսկը չեզոքացնելու համար: Մենք գտնում ենք, որ չկա կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, բացի այդ էլ, առողջական վիճակը շատ ծանր է: Մի անգամ վիրահատվել է, արդեն երկրորդ անգամ է վիրահատվելու, սրտի, ընդհուպ մինչև ոտքի հեռացման վտանգ կա այս պահին»:
Այսօր պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավորին՝ շեշտելով` նախաքննության ժամանակ հենց Մնացական Մարտիրոսյանն է նրան կալանավորելու որոշում կայացրել, նաև թույլտվություն է տվել իրավապահներին վերծանելու նրա հեռախոսային խոսակցությունները և խուզարկել բնակարանը, իսկ սա նշանակում է, որ դատավոր Մարտիրոսյանը կաշկանդված կլինի կալանքից ազատ արձակել մեղադրյալին, ինչպես նաև անաչառ քննել այս գործը։ Դատախազ Հայկուշ Բաղդասարյանն անհիմն համարեց փաստաբանների միջնորդությունը. «Ես գտնում եմ, որ ասյ առումով դատարանը կաշկանդված չէ հետագայում ցանկացած որոշում կայացնելու, և դա չի կարող առերևույթ նման հակասության մեջ գտնվել մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության շրջանակներում կայացված որոշումների հետ»:
Հետախուզվող Հակոբ Էքիզլարյանը դեռևս տարիներ առաջ է աչքի ընկել ընտրական գործընթացներում իր ակտիվությամբ։ 2015-ի հանրաքվեի ժամանակ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Էքիզլարյանը Հանրապետականի վստահված անձն էր, ով շարունակ ստուգում էր «ոչ»-ի քվեները, երբեմն կասկած հայտնում դրանց վավերականության վերաբերյալ։ Նրան հատկապես զայրացնում էին դեղին գրիչով արված «այո»-ի քվեները, նկարահանում էր դրանք, իսկ մեկ այդպիսի քվե նկարելիս էլ ասել էր՝ «դրանք հլը կտեսնեն»:
Գլխավոր դատախազության տվյալներով` հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան։