Բուլղարիայում կարող են տեղի ունենալ երրորդ արտահերթ ընտրություններն այս տարվա ընթացքում

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վարչապետի թեկնածու Դանիել Միտովին է փոխանցում կառավարություն կազմելու մանդատը, որից Ռադևն անմիջապես հրաժարվում է, Սոֆիա, 20-ը օգոստոսի, 2021թ.

Բուլղարիայում վերստին քաղաքական ճգնաժամ է, քանի որ հուլիսի 11-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած կուսակցությունները չեն կարողանում համաձայնեցնել կառավարություն կազմելու հարցը:

Դրա հետևանքով Բուլղարիայում կարող են տեղի ունենալ այս տարում թվով արդեն երրորդ արտահերթ ընտրությունները:

Նախագահ Ռումեն Ռադևը խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԳԵՐԲ կուսակցության ներկայացուցիչ Դանիել Միտովին պաշտոնապես փոխանցել է կառավարություն կազմելու մանդատը, որը վարչապետի թեկնածուն տեղում անմիջապես վերադարձրել է:

Միտովն այդ քայլին է դիմել, քանի որ կուսակցությունը խորհրդարանում չունի կառավարության կազմը հաստատելու համար պահանջվող թվով ձայներ:

Խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունի «Կա այսպիսի կուսակցություն» անվամբ քաղաքական ուժը, որը սակայն նույնպես չունի կառավարություն կազմելու համար բավարար թվով քվեներ:

Փորձագետները նշում են, որ Եվրոպական միության ամենաաղքատ երկիրը համարվող Բուլղարիայում քաղաքական ճգնաժամն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը, հատկապես հաշվի առնելով, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի վարակի չորրորդ ալիքը: