Միացյալ Նահանգներն օգոստոսի 19-ին մոտ 3 հազար մարդու է տարհանել Աֆղանստանից:
Սպիտակ տան հրապարակած տվյալներով՝ տարհանվածներից մոտ 350-ը Միացյալ Նահանգների քաղաքացիներ են:
«Տարհանվածների թվում են ԱՄՆ քաղաքացիներ, հատուկ ներգաղթային վիզայի դիմումներ ներկայացրածներ և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև վտանգված աֆղանստանցիներ», - հայտնել է Սպիտակ տունը:
Այսպիսով, ընդհանուր հաշվով՝ օգոստոսի 14-ից սկսած ամերիկացիներն Աֆղանստանից շուրջ 9 հազար մարդ են դուրս հանել:
Տարհանումն ապահովում են Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի տարածքում տեղակայված ամերիկյան բանակի զինծառայողները: Օդային տարածքը հսկում եմ ամերիկյան մարտական ինքնաթիռները և ուղղաթիռները:
Միացյալ Նահանգները թալիբներին նախազգուշացրել է, որ չափազանց կոշտ և ավերիչ պատասխան կտա ամերիկացի զինվրորականների վրա հարձակվելու կամ օդակայանից մարդկանց տարհանումը խոչընդոտելու փորձերին:
ՆԱՏՕ-ն հաղորդել է, որ ընդհանուր հաշվով ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ թալիբները գրավել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը:
Թալիբներն այսօր՝ ուրբաթօրյա ավանդական աղոթքից առաջ, մահմեդական կրոնական սպասավորներին՝ իմամներին, կոչ են արել «հորդորել բնակիչներին չհեռանալ ԱՖղանստանից և միասնություն հաստատել երկրում»: