Մարցում ողբերգությունից հետո ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ 3 մեղադրվողները կալանավորվել են

Լոռու մարզ, արխիվ

Լոռու մարզի Մարց գյուղում 5 օր առաջ տեղի ունեցած ողբերգությունից դեռ ուշքի չեն գալիս։ Ուշ երեկոյան ոստիկանները նկատել են փայտով բարձված ավտոմեքենան անտառից իջնելիս, հրահանգել են կանգ առնել, բայց վարորդը չի ենթարկվել ու ավելի է արագացրել ընթացքը։

Ոստիկանները տևական ժամանակ շարունակել են հետապնդել առանց համարանիշերի բեռնատարը։ Ի վերջո, Մարցից Լորուտ գնացող ճանապարհին «Ֆորդ» մակնիշի մեքենան գլորվել է ձորը։ Վարորդն ու մեկ ուղևոր տեղում մահացել են, երրորդը վնասվածքներ է ստացել։

Գյուղում բոլորն իրենց վիշտն են համարում տեղի ունեցածն ու սգում համագյուղացիների մահը։ Մեկը երիտասարդ էր՝ 4 անչափահաս երեխաների հայր, մյուսը` ընդամենը 22 տարեկան, ամեն խոսքից առաջ շեշտում էին գյուղացիները. «Այդ տունը քանդվեց, 4 երեխան ողբ մնաց, էն մեկն էլ տան մինուճար տղա էր»:

Բայց սրանով ողբերգությունը չի ավարտվել։ Ըստ ոստիկանության հաղորդագրության` Մարցի ու հարակից գյուղերի մեծաթիվ բնակիչներ երկու երիտասարդ համագյուղացիների մահվան լուրն իմանալուց հետո հասել են ոստիկաններին, քաշքշելով և հայհոյելով հարվածներ են հասցրել՝ կատարվածի մեջ մեղադրելով նրանց, հետո նաև ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան:

Բնակիչները բռնություն են գործադրել նաև ոստիկաններին օգնության հասած երկրորդ խմբին ու հրկիզել նրանց ավտոմեքենան։ Այսօր դատարանը որոշել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ մեղադրվող Մարցի երեք բնակիչներին կալանավորել, ևս մեկը ձերբակալված է։

Այսօր Քննչական կոմիտեի Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանն «Ազատությանն» ասաց՝ նախաքննությունը դեռևս շարունակվում է, բայց այս պահի տվյալներով հերքեց իրավապահների գործողությունների օրինականությունը կասկածի տակ առնող բոլոր վարկածները. «Ոստիկաններն իրենց ծառայությունն են իրականացրել, հետապնդել են այդ մեքենային, տեսել են` առանց պետհամարանիշի ավտոմեքենան, պահանջել են, որպեսզի վարորդը կանգնի, չի կանգնել, ձայնազդանշանային համակարգերով, օգնությամբ ու լուսարձակներով փորձել են կանգնեցնել, չի ենթարկվել»:

Գյուղացիները չեն հերքում, տեսել են գյուղի մեջ իրար ետևից ընկած մեքենաները, նկարագրում ահ ու սարսափը, որ զգացել են, չեն ժխտում նաև ոստիկաններին ծեծելու ու ավտոմեքենաները վնասելու իրավապահների հրապարակումները։ Բայց նշում են, թե վշտից գլուխները տաքացել էին, այլ ելք չեն տեսել. «Որ տեհել են երևի, որ զույգն իրար հետ մահացել են, կարող ա մոմենտի տակ ջղայնացել են, մնին էլ տվել են, իրենք են սպանել, կարային անեին չէ՞, բայց դե պաժառ են տվել, էդ մոմենտին ուղեղը չի աշխատել: Ինչի՞ հետևներից չգնային, ճանապարհը կփակեին, նա Լորուտից կարո՞ղ ա մտներ Ալավերդի կամ Կիրովական, դենը ճանապարհ կա՞ր, որ էն կողքով անց կենար, իհարկե չկա»:

«Մարդ չեմ սպանել, մի բան չեմ արել, ընդամենը երկու խուրշուրի խաթե՞ր, երկու կտոր փետի համար մարդ ե՞ն սպանում», - ասում է մյուսը:

Թումանյանի համայնքապետ Տիգրան Մխիթարյանը չի արդարացնում համագյուղացիների արարքը ոստիկանների նկատմամբ, բայց ասում է՝ հասկանում է նաև վշտացած գյուղացիներին. «Ես թույլ եմ տալիս ասել, որ նույնիսկ եթե, ոնց որ նշված է, ոստիկանության մեքենաներ են վնասվել, դա ոչ թե վրեժխնդրություն է եղել ոստիկանների հանդեպ, այլ պարզապես այդ պահին հոգեկան ինչ-որ լարվածության, խանգարումների տակ է այդ ամենը տեղի ունեցել»:

Գյուղացիները պատմում են, որ դեպքին հաջորդող օրերին դիմակավորված մարդիկ են եկել Մարց ու ոստիկանություն բերման ենթարկել մոտ 30 բնակչի։ Պնդում էին, որ ոստիկանությունում նրանց խոշտանգել են, նվաստացրել ու ճնշել. «18 տարեկան տեգորս երեխուն ինչ ձև տարան, ծեծեցին ու բերեցին, որ ինքը սկի չկար էլ այդտեղ, տանեն, դուբինկեքով ծեծե՞ն էդ երեխուն, պատասխան են տալու:

Ստիպել են, որ դու ասա, որ դու այնտեղ ես եղել, որ ներկա ես եղել միլիցիաներին ծեծելու ժամանակ, ստորացրել, եսիմ ինչեր արել»:

Քննչական բաժնի պետն «Ազատությանն» ասաց՝ բնակիչներից նման բողոքներ չեն ստացել և բերման ենթարկվածներին նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեղեկություններ չունեն: