Ադրբեջանցիները հետ են քաշվել Շուշիի շրջանի Եղցահող գյուղի հենակետերից, «Ազատությանը» հայտնեց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը:
«Այսօր առավոտյան գնացել են, տեսել են, որ արդեն վրանները չկան, հետ են քաշվեն իրենց բազա», - ասաց նա:
Եղցահողը, որ Բերդձորից Շուշի ընկած հատվածում է, 44-օրյա պատերազմից հետո մնացել է հայկական վերահսկողության տակ: Համայնքապետ Արտակ Հակոբյանը երկու օր առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ ադրբեջանական զորքերը դեռևս հետ չեն քաշել իրենց դիրքերը գյուղի սահմաններից, մինչդեռ հայկական կողմը, հետևելով երկկողմանի պայմանավորվածությանը, արդեն դուրս է բերել զինծառայողներին տարածքից, իսկ Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանն իր հերթին պնդել էր, թե հայկական զորքերը հետ չեն քաշվել ոչ մի դիրքից:
Գրիշա Հովհաննիսյանն այսօր ասաց նաև, որ իրավիճակը Եղցահողում նորմալ է. «Ժողովուրդն ապրում է, 140 բնակիչ կա այնտեղ ապրող: Ռուսական ուղեկալները հերթապահություն են կատարում, բայց դե փաստորեն նորմալ է, միջադեպ չի գրանցվել առայժմ:
Ենթակառուցվածքները նորմալ աշխատում են»: