Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն, ընդ որում առաջին անգամ համամասնական ընտրակարգով:
«Մարդիկ կընտրեն կուսակցություններ, կուսակցությունը կձևավորի ավագանու թիմ ըստ ցուցակի, և ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին», - ասում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Նրա տեղեկացմամբ՝ Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում ավագանու և համայնքապետի ընտրություններ են, իսկ Գորիսում՝ միայն ավագանու:
Այս պահին կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանը դեռ կարող է պաշտոնավարել, իսկ Կապանում սպասվում են արտահերթ ընտրություններ. «20-օրյա ժամկետում կառավարությունն ընտրությունների օր է նշանակում, դեռ ընտրությունների օրը պարզ չէ»:
«Որոշումը հստակ է, գնում ենք դեպի արտահերթ ընտրություններ», - ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Կապանում արտահերթ ընտրական իրավիճակ ստեղծեցին ավագանու անդամները՝ 15-ից 8-ը հրաժարական ներկայացրին։ Կապանի քաղաքապետ, անկուսակցական Գևորգ Փարսյանը «Սյունյաց երկրի» լրագրողին է հարցազրույց տվել ու հիշեցրել, որ եռակողմ հայտարարությունից հետո ինքն ու ավագանու ողջ կազմը վարչապետի հրաժարականն էին պահանջում, այս զարգացումները դրա հետևանքն է համարում. «Ավագանիներից 5 հոգու ազատել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքից, դրանից հետո բոլոր ավագանիներին հրավիրել են Ազգային անվտանգություն հարցաքննության ինչ-որ անիմաստ գործերով»:
Փարսյանը հայտարարել է՝ կշարունակի պաշտոնավարել ու կմասնակցի ավագանու ընտրություններին՝ նորաստեղծ մի կուսակցության ցուցակով: Հավանաբար նկատի ունի «Վերածնվող Հայաստանը», այստեղ Սյունիքի համայնքապետերի մեծ մասն է: Փարսյանն ասել է՝ չի պաշտոնավարի, եթե իր նախընտրած քաղաքական ուժը մեծամասնություն չստանա ավագանու կազմում: Սա, ի դեպ, ենթադրում է, որ նորընտիր ավագանին հետագայում Փարսյանին չի ընտրի քաղաքապետի պաշտոնում։
Գորիսի քաղաքապետարանից էլ տեղեկացանք, որ քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ է մասնակցելու ավագանու ընտրություններին: Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Որոտան, այս համայնքների ղեկավարներն այժմ տարբեր քրեական գործերով են անցնում: Կապանի քաղաքապետը չի բացառում և չի զարմանա, եթե իրեն հասնեն. «Սյունիքում տեղի է ունենում քաղաքական խուժանություն կապված համայնքների ղեկավարների կալանավորման հետ, դա ես համոզված եմ, որ քաղաքական հետապնդում է», - ասում է Փարսյանը:
Սյունիքի փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը համաձայն չէ. «Քաղաքական հետապնդում չկա, իսկ իրավական մասով կարծում եմ` իրավաբանները գնահատական տվել են»:
Այս աշունն ընտրական է լինելու Հայաստանի 502 համայնքների մեծ մասի համար: Խոշորացված ու 4 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում մարդիկ ավագանի են ընտրելու կուսակցական ցուցակներից, ավագանին էլ համայնքապետ կընտրի: Խնդիր է, ասում է Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը` հավելելով` մարդիկ իրազեկված չեն, համայնքներում էլ եռուն կուսակցական կյանք չկա. «Շատ համայնքներում կուսակցություններն ուղղակի ներկայություն չունեն, և անկուսակցական են ավագանու անդամներից շատերը, ու տպավորություն է առաջանում, որ նրանք կուսակցական ցուցակներով գնալու դեպքում այդ գործընթացը շատ արհեստական կստացվի»:
«Համայնքում հեղինակություն վայելողները հաճախ անկուսակցական են, պիտի այսուայնկողմ ընկնեն՝ կուսակցական ցուցակ փնտրեն», - ասում է Երիցյանը: Ուղիղ ընտրական համակարգը նա համարում է ավելի ժողովրդավարական՝ գնում ու թեկնածուների ցանկից սրտիդ համայնքապետին ես ընտրում, հետո նրան էլ պահանջներ ներկայացնում, իսկ հիմա. «Մեր բնակիչները ուղիղ ընտրություններով համայնքի ղեկավար չեն ընտրելու, սա համարում եմ բացասական: Կարելի էր համամասնականի անցնել, բայց համայնքի ղեկավարն ուղիղ ընտրվեր, ուղիղ պատասխանատվությունն է կորչում»:
«Այդ դեպքում եթե կուսակցությունում ունես ծանոթ կամ բարեկամ, բայց դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, կլինես կամ քաղաքապետ, կամ փոխքաղաքապետ, կամ ավագանու անդամ», - արձագանքում է
Գորիսի ավագանու անդամ Նարեկ Օրդյանը:
Նա համամասնական ընտրակարգի կողմնակիցը չէ, բայց հոկտեմբերի ընտրությանը կմասնակցի: Անկուսակցականը փնտրում է կուսակցական ցուցակ. «Կմտնեմ որևէ քաղաքական ցուցակ, մնալով անկուսակցական` կառաջադրվեմ որպես ավագանու թեկնածու»:
Տեղ խոշորացված համայնքում էլ համայնքապետի, ավագանու ընտրություններ են: Տեղի կազմում` Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր, բոլոր գյուղերն են սահմանամերձ: Համայնքապետ Ներսես Շադունցը նախընտրական տրամադրություն չունի. «Այս պահին նման կարգի որոշում չենք կայացնում, ժամանակ չունենք մտածելու»:
Ճիշտ չի համարում այն, որ առաջադրվելու համար պիտի կուսակցական ցուցակ մտնի: Ասում է՝ կուսակցությունը կօգնի՞, որ «գիշերը պոստի գնամ, առավոտը` գործի»: