ՌԴ-ում չորրորդ օրն անընդմեջ՝ 24 ժամում ավելի քան 800 մարդ է մահանում կորոնավիրուսից

Ռուսաստանում չորրորդ օրն անընդմեջ՝ 24 ժամում ավելի քան 800 մարդ է մահանում կորոնավիրուսի պատճառով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից հետո։ Մասնագետները պնդում են, որ պատճառը վարակի նոր՝ «Դելտա» շտամն է, որը նախորդներից շատ ավելի արագ է տարածվում։

Դրա արդյունքում, ըստ վիճակագրության, հուլիսի վերջին հիվանդացության դեպքերը հասել են օրական 25 հազարի, այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը տատանվում էր 9 հազարի սահմաններում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում ավելի քան 6,5 միլիոն մարդ է հիվանդացել նոր կորոնավիրուսով, 170 հազարը՝ մահացել։ Անկախ աղբյուրները, սակայն, կասկածի տակ են դնում այս ցուցանիշները, պնդելով, թե իշխանությունները նվազեցնում են թե՛ մահվան, թե՛ հիվանդացության դեպքերը։