Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում, ասում է Արմեն Գրիգորյանը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում, հայտարարել է արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ այսօր ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Միևնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Գրիգորյանը:

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի լիակատար հաղթահարման գործում», - նաև ասել է Հայաստանի արտգործնախարարի առաջին տեղակալը:

Ջամմու և Քաշմիրը Հնդկաստանի՝ առավելապես մահմեդականներով բնակեցված նահանգ է, որի տարածքի նկատմամբ պահանջներ է ներկայացնում նաև Պակիստանը։ Նահանգը բաժանված է երկու մասի՝ «հսկողության գծով», որի վերաբերյալ երկու երկրները համաձայնության են եկել 1972 թվականին, հնդկական վերահսկողության տակ է տարածքի գրեթե 2/3-ը: Երկու տարի առաջ պաշտոնական Նյու Դելին որոշում ընդունեց Ջամմու և Քաշմիրը ինքնավարությունից զրկելու մասին, ինչը հարուցեց Իսլամաբադի դժգոհությունը: