Լույսը մթության մեջ է երևում. ամերիկահայ ռեժիսորի վերջին աղոթքը Ծիծեռնավանքում

Ամերիկահայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի աղոթը վերջինն էր այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի՝ Լաչինի շրջանի Ծիծեռնավանքից։

44-օրյա պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ում բնակվող Նարեն որոշեց՝ պիտի գա Արցախ, հասցնի վերջին պատառները հավաքել, քանի դեռ հայկական պատմամշակութային գանձերը հայկական հողի վրա են:

«Խենթի նման առա իմ տոմսը, շատ արագ եղավ իրականում, որ առա, հենց մյուս օրը թռա Հայաստան, հասա ամսի 29-ին, ամսի 30-ին գնացի Ծիծեռնավանք և դա հենց հանձնման օրն էր: Ծիծեռնավանքից դուրս եկա 5:20, ժամը 6-ին հանձնվեց, և այդ պահին զգում էի, որ վերջին հայն եմ այդ պահին: Հուսամ, որ կփոխի: Գիտեմ՝ գուցե շատ խենթ հնչի, բայց այնպիսի զգացողություն էր, ինչպես գնացել էի հետ 1915 թվական և տեսնում էի, թե ինչպես են իմ նախնիները կորցնում իրենց տները, իրենց տաճատրները, իրենց կյանքը, բայց այս անգամ ունեի հնարավորություն լինել այնտեղ և մեկ վայրկյան գոնե դիպչել», - ասաց Նարե Մկրտչյանը:

Վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից մեկի մասին ֆիլմ նկարելը նախատեսվածից երկար տևեց...10 օրվա փոխարեն Նարեն արդեն 9 ամիս է Հայաստանից չի կարողանում վերադառնալ տուն՝ ԱՄՆ:

«Այդ պահին հասկացա, որ երևի կյանքումս երբեք այդպես չեմ աղոթել, որովհետև երբ պատերազմի մեջ ես, երբ այդպիսի մթության մեջ ես և այդքան մոտ է թշնամին, ամեն մի բառը զգում էի բջիջներիս մեջ և իսկապես աղերսանք էր և փորձում էի մթության մեջ գտնել լույս», - նշեց ռեժիսորը:

Լույսը գտնվեց ու ֆիլմի սյուժեն փոխվեց. «Գտա 6 հիանալի զինվորի, այնպես ստացվեց, որ ես տղաներին հանդիպեցի հենց իմ Ամերիկա թռնելու օրը»:

Խոսքն այն 6 զինծառայողների մասին է, որ ավելի քան 70 օր անհայտության մեջ մնալուց հետո փրկվել էին։ Պատերազմի թեժ օրերին մարտական գործողությունների ընթացքում նկատել էին, որ մի քանի հոգով մնացել են շրջափակման մեջ։ Դժվար, դաժան ճանապարհ անցնելուց հետո, հրաշք էր տեղի ունեցել:

«Միշտ ասում եմ, որ ես մտա իրենց սենյակ որպես ռեժիսոր, բայց ես դուրս եկա որպես ընկեր: Ես ոչ թե խորանում եմ փաստերի վրա, այլ խորանում եմ մարդկային պատմությունների վրա, այդ մարդկային experience-ը: Տղաների միջոցով ես բուժվում եմ, տղաների միջոցով ես ճանաչում եմ ինքս ինձ, տղաների միջոցով ես ճանաչում եմ Հայաստանը, որի համար ես իսկապես երախտապարտ եմ: Նարեն ռեժիսոր է, ինքը ունի ինչ-որ ձևեր, ինչ-որ մտքեր, որով պետք է պատմեմ այս պատմությունը, բայց միշտ թողնում եմ, որ ինքը ֆիլմը օրգանիկ ձևով պատմի իրեն և միգուցե սկզբում ես ունենում եմ ֆիլմի title-ը, բայց ես հասկանում եմ, որ ֆիլմի անունն ինքն իրեն է որոշվում: Հիմա ֆիլմն իմ մտածելակերպում ինչ-որ մի տեսք ունի, բայց կարծում եմ, որ կփոխվի», - ընդգծեց Մկրտչյանը:

Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավելու են նաև ոչ հայեր։ Սա Նարեի համար կարևոր հանգամանք է։ Ասում է՝ իր էմոցիաները շատ են, օտարի աչքը կարող է զգացմունքներին ավելի ուժեղ բովանդակային հենք տալ։

«Իմ ուղեղը, իմ սիրտը, իմ հոգին սովոր չեն այս ամենին, այսինքն ես տեսել եմ, թե ոնց են ոտքով գնացել վիրահատության ու առանց ոտքի հետ եկել, ու Նարեն չգիտի այդ ամեն ինչը ինչպես պրոցես անել: Այսինքն այդքան զոհ, որ եղել է, այդ բոլոր տղաների պատմությունները, որ լսում եմ, շատ ավելի երկար է տևում այս ֆիլմը իմ համար, ինքը իրականում ես նաև հասկանում եմ, որ կյանքի ամբողջ փորձ է, կյանքի ամբողջ դաս է և շատ ավելի է քան ֆիլմը: Որպես ռեժիսոր ես մեկ-մեկ ջղայնանում եմ իմ վրա, բայց գիտեմ, որ որպես մարդ ես այդ պահին արել եմ ամենաճիշտը տղաների համար: Այս դեպքում կյանքը հաղթում է ֆիլմին, կյանքը հաղթում է ամեն ինչին», - ընդգծեց նա:

Ամերիկահայ ռեժիսոր Նարե Մկրտչյանը հետադարձի տոմս դեռ չի գնել. նկարահանումները շարունակվում են, աշխարհագրությունը մեծացել է, հասել Գորիս: Իսկ Արցախի դռները ամերիկյան անձնագրով օպերատորի առջև դեռ փակ են, կիսատ թողած կադրերը դեռ պետք է հավաքել, այսքանով այս պատմություն չի ավարտի, հավատում է Նարեն՝ պնդելով՝ լույսը հենց մթության մեջ է երևում: