ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում թալիբներին դադարեցնել հարձակումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում «Թալիբան» շարժման ղեկավարությանը դադարեցնել Աֆղանստանի ողջ տարածքով ծավալված հարձակումը և բանակցություններ սկսել երկրի կենտրոնական կառավարության հետ։ Այս մասին Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարը հայտարարեց անցած գիշեր՝ կառույցի նյու-յորքյան կենտրոնակայանում։

«Աֆղանստանն այլևս անվերահսկելի է դառնում։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է զոհվել Հելմանդ, Քանդահար և Հերատ նահանգներում իրականացված հարձակումների ընթացքում։ «Թալիբան»-ի և Աֆղանստանի անվտանգության ուժերի միջև ծավալված քաղաքային մարտերը անասելի վնաս են հասցնում։ Առնվազն 241 հազար մարդ այս պահի դրությամբ տեղահանվել է և բնակչության մարդասիրական կարիքները աճում են ժամ առ ժամ։ Քաղաքային միջավայրում մարտական գործողությունների շարունակությունը նշանակում է, որ խաղաղ բնակչությունը կրկին ամենաբարձր գինն է վճարելու», - հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։