Եռաբլուրում հուշակոթող-պանթեոն է կառուցվելու

Շիրմաքարի վրա 18-ամյա զինվորի՝ Գևորգի ժպտադեմ դեմքն է։ Նրա հոր՝ Հրաչ Ասատրյանի խոսքով, զոհված զինծառայողների ծնողներից շատերն են ուզում, որ Եռաբլուրի բարձունքը նույնանման շիրմաքարերով վերակառուցվի՝ միայն թե թեթև, չճնշող քարեր լինեն։

Մի քանի շաբաթ է Եռաբլուրում ակտիվ շինարարություն է, զուգահեռ՝ քվեարկություն։ Պաշտպանության նախարարությունը ծնողներին շիրմաքարի 6 առաջարկ է ներկայացրել՝ Չելյաբինսկի մարմար՝ ճերմակ ու մուգ գույնի, գրանիտից տարբերակներ, սպիտակ մոխրագույն շիրմաքարերերի երկու տարբերակներ, որոնց վրա դրոշով փաթաթված խաչ է պատկերված։

Եռաբլուրում 44-օրյա պատերազմում զոհված 881 զինծառայող է հուղարկավորված։ Ծնողների մեծ մասն ընտրություն արդեն կատարել է, ասում է Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը. - «Հիսուն պլյուս մեկ քվեարկության արդյունքում գերակշռող մասի կարծիքը պետք է լինի ընդունելի փոքրամասնության համար։ Այդ առումով ընտրության հնարավորություն ենք ընձեռել, և ծնողները արդեն երկու շաբաթ է ընտրություն են կատարում։ Գրեթե 700 հոգի քվեարկությանը մասնակցել է, գերակշիռ մասը նախապատվությունը տվել է Չելյաբինսկի մարմարին»։
Վաղը քվեարկությունը կեզրափակվի ու արդյունքը ծնողների հետ կքննարկենք, շեշտում է Ավետիսյանը. - «Ակնկալում ենք, որպեսզի ծնողները ընդհանուր առմամբ հայտարարի գան, համաձայնության գան»։
Ծնողներից շատերն են ընտրել այս սպիտակ ու պարզ մարմարե տարբերակը, զինվորի գունավոր նկարով պիտի լինի։ Շատերին անհանգստացնողը տապանաքարն է, չեն ուզում։

«Արդեն գերեզման ա սարքվում, բայց մենք ուզում ենք, որ հաղթանակի այգի լինի ստեղ։ Էս էրեխեքը չծաղկած ծաղիկներով ծածկին, հիմա էլ տապանաքա՞ր են դնում վրեն»։
Ծնողները մի խնդիր էլ են բարձրացնում. հաճախ հուղարկավորել են զինվորի մասունքները ու հետո էլի մասունքներ են հայտնաբերվել, հողը քանդել հուղարկավորել են։ Հիմա երկաթբետոնե կոնստրուկցիան ու այդ ծանր տապանը ո՞նց են քանդելու։
Նախարարի խորհրդականն ասում է, որ այդ հարցը չլուծվածներից է, ծնողների հետ դեռ կքննարկեն։

Եռաբլուրում հիմա շինտեխնիկա ու բազմաթիվ շինարարներ են աշխատում։ 11 ամիս շարունակ այստեղ օրը տասնյակներով հուղարկավորություններ էին լինում, ծնողներն իրենց ուժերով բարեկարգել, սալապատել էին տարածքը՝ ձմռան գարնան ցեխից պաշտպանվելու համար։ Նկարով հուշաքարեր ունեն բոլոր զոհվածները, անպայման ձևավոր խնկաման մոմակալներ։ Վերջին ամիսներին նստարաններ ու փոքրիկ մատուռներ էին ավելանում։ Այժմ ամեն ինչ քանդվում է, միայն տղաների ժպտուն նկարներն են տեղում։

«Շատերս ենք պարտքով արել այդ ամենը», - ասում են ծնողները՝ առանց դժգոհության։
Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ասում է, որ ծնողները ի սկզբանե տեղեկացվել են, որ Եռաբլուրում միանման հուշաքարեր են տեղադրվելու, մեծ ծախսեր չանեն։ Նախարարությունն այս շինարարությունն ավելի վաղ չէր սկսում, քանի որ, Ավետիսյանի խոսքով, այստեղ օրը մինչև 18 հուղարկավորություն էր լինում, անհնար էր։ Հիմա էլ դժվար է, քանի որ շաբաթը 7 օր, 24 ժամ Եռաբլուրը մարդաշատ է լինում։

«Ծնողներին խնդրում ենք, որ ըմբռնումով մոտենան, որպեսզի կարողանանք աշխատանքները հավուր պատշաճի իրականացնել և ժամանակի մեջ տեղավորվել», - ասաց Ավետիսյանը։

Բայց ծննդյան արարողությունները Եռաբլուրում չի դադարեցնի ոչ մի շինտեխնիկա։ Թաղավարդցի Սևակի 28-ամյակն է, ընտանիքն Արցախից Եռաբլուր է հասել նրա գերեզմանին տորթ կտրելու համար։ Հայրն ասում է՝ դեմ չէ, թող իրենց սարքածը քանդեն ու հերոսների պուրակ սաքրեն։

Մի քիչ այնկողմ ժամկետային զինծառայող Ազնիվի 20-ամյակի առիթով հարազատներն են հավաքվել՝ նրա համազգեստի գույնի փուչիկներով, քաղցրով։

Յուրաքանչյուր ամսվա 13-ին Եռաբլուրում են տանկիստ Սերգեյի ծնողները. որդու մահվան օրն է։ Շիրմաքարի իրենց տարբերակն ընտրել են, բայց դեռ չգիտեն ի վերջո որը կհաստատվի։

Պաշտպանության նախարարությունը ծրագրում է մինչև տարեվերջ ավարտել այս աշխատանքը։

44-օրյա պատերազմի զոհերի շիրիմները 4 հարթակների են բաժանվելու, տարածքն արդեն հարթեցվում է, ցայտաղբյուրներ են լինելու, ճեմուղիներ, ծառեր, կկառուցվի հուշակոթող պանթեոն, նախագիծն է ներկայացնում Վարդան Ավետիսյանը. - «Առանձին մեծ հուշակոթող-պանթեոն է կառուցվելու, որը տեսքով նայելու Մասիս սարին»։

Յուրաքանչյուր շիրիմի վրա այժմ եռագույն է ծածանվում, հաճախ՝ մի քանիսը։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասում է՝ այս հարցն էլ չլուծվածներից է, մտածում են հարթակներից յուրաքանչյուրի վրա 7 դրոշ տեղադրել, բայց եթե ծնողները պնդեն, ամեն շիրիմի վրա մի դրոշ կլինի։

Վարդան Ավետիսյանն ասում է՝ քանի որ ծնողներն ավելի շատ սպիտակ մարմարն են ընտրել, բանակցում են Ժիտոմիրի քարհանքի հետ՝ քարը ներկրելու համար, պարզել են ՝ ադրբեջանցիները նույն հասցե 15 հազար շիրմաքարի պատվեր են ուղարկել։