Դեբետ գյուղում գործող Սմարթ կենտրոն արդեն հաճախել են ավելի քան երկու հազար պատանիներ

Երեք տարի առաջ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի ուղիղ մեջտեղում՝ Դեբետ գյուղում սկսեց գործել Հայաստանում նմանը չունեցող Սմարթ այլընտրանքային կրթության կենտրոնը։

Այն սիրելի վայր է դարձել Դեբետի ու շրջակա 26 համայնքների մեծ ու փոքր բնակիչների համար։ Նրանք անվճար կրթություն են ստանում կենտրոնում, հմտություններ ու կարողություններ ձեռք բերում, երազանքներ ձևակերպում, ապագայի պլաններ կազմում ու դրանք իրական դարձնելու միջոցներ գտնում։

Կենտրոնի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ասում է. - «Մենք էդ միջավայրը փորձել ենք այստեղ ստեղծել, միջավայր, որը թափանցիկ է, որը բաց է, որը բարենպաստ է այն ստեղծագործական մտքին, որը մենք ուզում ենք բոլորին տալ։ Միջավայր, որը ունի կարգ ու կանոն, միևնույն ժամանակ ունի ազատություն։ Գալիս են մեզ մոտ բավականին ինքնամփոփ, վախերով, չկողմնորոշված, չգիտեն, թե ուր են ուզում գնան։ Դա ակնհայտորեն արդեն շաբաթներ անց իրենց մոտ փոխվում է, ու իրենք արդեն մեծ ձգտումներ ունեն, մեծ երազանքներ ունեն»։

Արդեն 2000 պատանիներ են հաճախել կենտրոն ու Սմարթ քաղաքացու կոչում ստացել, նրանցից շատերն արդեն շրջանավարտ են դարձել։

Սմարթ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը շեշտում է, որ քաղաքներից դուրս ոչ ֆորմալ կրթությունը հիմնականում անհասանելի է երեխաների համար. - «Երեխաները տարբեր շփումների մեջ նաև կարծիքներ են փոխանակում, ճաշակ են փոխանակում, այս ամենը նպաստում է, որ լավ մասնագիտական կողմնորոշում ձեռք բերեն և ավելի լայն մտահորիզոն ձևավորեն։ Իսկ դա մեզ համար առաջնահերթություն է»։

Նանե Բեժանյանը 18 տարեկան է, ապրում է Ալավերդիում։ Այստեղ չինարեն, ծրագրավորում ու ձայնային ձևավորում է սովորել։ Ասում է՝ երկու տարի առաջ Սմարթ է եկել վախերով։ Մի քանի օրից համալսարան կգնա առանց դրանց. - «Վախենում էի նոր ծանոթություններից, թե ինչպես կարող եմ հարմարվել նոր մարդկանց հետ, ինչպես պետք է իրենց հետ աշխատեմ։ Ինքը ինձ համար փորձ էր, դու ձեռք ես բերում փորձ, որ սրանից հետո ինձ համար ավելի հեշտ է մարդկանց հետ շփվելը»։

Մարինե Մաղաքյանը Վանաձորից է։ Սմարթում յոգա է պարապում երեխաների հետ։ Ասում է՝ սկզբում գյուղական համայնքներում կարծրատիպեր կային յոգայի նկատմամբ։ Հաղթահարեցին. - «Բացատրեցինք, որ յոգան աղոթել չի, այլ դրանք որոշակի դիրքեր են, որոնք օգնում են շտկում են կեցվածքը, ազատվել ցավերից»։

Կենտրոնի տնօրենն ասում է՝ սկզբում անգամ հակասություններ էին ունենում հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ, թե իրենց աշակերտներին խելքից հանում են, նրանց ազատամիտ ու պահանջկոտ դարձնում։

Սկզբում դպրոցներում չէին համակերպվում դրա հետ, ավելի ուշ սկսեցին հաշվի նստել, ասում է Կորյուն Խաչատուրյանը. - «Ամենասկզբում, 2018-ին, երբ որ նոր էինք բացել, իրենց էս ազատ միջավայրը ահագին թևեր տվեց, և դպրոցներից ահագին բողոքներ ստացան, որ էս ինչ ա կատարվում։ Հիմնականում երեխաները, կարելի է ասել, ավելին էին պահանջում իրենց ուսուցիչներից, տնօրինությունից և այլն։ Ու ավելի ազատ էին իրենց զգում»։

Գյուղի դպրոցի տնօրեն Զավեն Խաչատրյանը հաստատում է, որ սկզբում անհանգստություններ կայիևն, հետո արդեն տեսան, որ կենտրոնի օգուտներն ավելի մեծ են. - «Տեսանք, որ ունենք շատ բան սովորելու քաղաքակիրթ շատ պետություններից, շատ բաներ ընդօրինակելու»։

Երեխաները Սմարթում նաև ստեղծում են։ Գյուղատնտեսական նոր հնարքներ են կիրառում ու նաև ժողովրդական երգեր գտնում։ Երեխաները գնում են գյուղեր, հավաքագրում գյուղացիների երբևէ երգած, բայց դեռևս անհայտ երգերն ու դրանք գրի առնում, մշակում, իսկական երգ դարձնում։