Հայաստանի ՊՆ-ն մանրամասներ է հայտնել պաշտպանության նախարարների մակարդակով այսօր Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերի վերաբերյալ:
«Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, այսօր, օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ մարտական դիրքերի վրա հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառումը, և հայ ռազմագերիների վերադարձի խնդրի արագ հանգուցալուծումը», - մասնավորապես հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգույի հանդիպումը:
Ըստ հայկական կողմի, Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Արշակ Կարապետյանն իր հերթին ասել է, թե այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։
Արշակ Կարապետյանը, որ վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ հանդիպումն է ունենում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ, հատուկ նշել է, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջինը Մոսկվա է մեկնել արտասահմանյան այցով։