Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանի դեսպանին. Բաքուն դժգոհում է, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության»։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, դժգոհությունը փոխանցելու համար Ադրբեջանում Իրանի դեսպանն այսօր հրավիրվել է Արտգործնախարարություն։
Դեսպանին փոխանցվել է, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող, տարբեր նպատակների համար նախատեսված մեքենաները «անընդհատ մտնում և դուրս են գալիս Ադրբեջանի Ղարաբաղի շրջան՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Ադրբեջանական կողմը ընդգծում է, որ այս թեմայով նախկինում ևս հնչել են դժգոհություններ, որոնք սակայն, փոխանցվել են բանավոր կարգով։ Այժմ մինչդեռ, Բաքուն գրավոր հույս է հայտնել, որ «Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ կանխելու բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերը»։