Թուրքիան արգելել է ՀՀ-ում գրանցված օդանավերի մուտքն իր օդային տարածք. ինչո՞ւ Հայաստանն էլ հայելային արգելք չի սահմանել

Օդանավ «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

44-օրյա պատերազմի մեկնարկից շուտ՝ քսան օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 9-ից սկսած, Թուրքիան արգելել է Հայաստանում գրանցված օդանավերի մուտքն իր օդային տարածք։

«Թուրքիայի կողմից հայկական գրանցումով (EK) օդանավերի մուտքը Թուրքիայի օդային տարածք արգելող որևէ աէրոնավիգացիոն տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակվել, սակայն սկսած 2020 թվականի սեպտեմբերի 9-ից հայկական գրանցումով օդանավ շահագործողների թռիչքները Թուրքիայի օդային տարածքով արգելվել են։ Ըստ հայկական օդանավ շահագործողների կողմից ստացված տեղեկատվության՝ բոլոր մերժումները ներկայացվել են առանց հիմնավորման», - «Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Առաջին մերժումը եղել է սեպտեմբերի 9-ին, ապա՝ նույն ամսվա 18-ին, 25-ին և արդեն 2021 թվականի մարտի 19-ին ու 23-ին: Hetq.am կայքի լրագրող Վահե Սարուխանյանը առաջիններից էր, որ խնդրի մասին բարձրաձայնեց։

«Պատերազմի ժամանակ թուրքերը, չնայած մենք որևէ արգելք չէինք դրել, զուտ, ըստ էության, անվտանգությունից ելնելով թռնում էին Վրաստանի տարածքով, որովհետև ոչ միայն քաղաքացիականներն էին թռնում, այլ նաև ռազմական օդանավեր էին թռնում ու քաղաքացիականներով էլ, գրեթե համոզված կարող ենք ասել, որ սովորական ուղևորներ չէին թռնում, նույն սիրիացի վարձկանները տեղափոխվել են տարբեր տիպի քաղաքացիական օդանավերով նաև», - ասաց Սարուխանյանը:

Պատերազմի օրերին հայկական օդային տարածքով թուրքական օդանավեր չեն անցել, սա երևում է թռիչքներին առցանց հետևող կայքերից, ասում է Վահե Սարուխանյանը։ Ավելին, թուրքական ավիաընկերության օդանավերը խուսափում էին նաև Գյանջայի տարածքով թռիչքներ իրականացնելուց, քանի որ հայկական սահմանին մոտ է։ Հիմա ոչ միայն թռնում են Հայաստանի սահմանին մոտ տարածքով, այլ հենց Հայաստանի տարածքով։

«Երկու օր առաջ նկարները տեսա, որ «Թըրքիշ էյրլայնս»-ը դեպի Բաքու էր թռել Հայաստանի տարածքով, այսինքն՝ ինքը ամենակարճ ճանապարհն է: Վրաստանը մի քիչ երկար է, ինքը պիտի բարձրանա հյուսիս, հետո իջնի, Հայաստանի տարածքով ամենակարճն է, ինքը օգտագործել է, այսինքն՝ մերոնք չեն արգելել: Ընդհանրապես պատերազմից առաջ այնպիսի իրավիճակ կար, ինքը թուրքական ավիաընկերությունը ներադրբեջանական չվերթ էր կատարում Նախիջևան-Գյանջա Հայաստանի տարածքով», - ներկայացրեց լրագրողը:

Ինչո՞ւ Հայաստանն էլ հայելային արգելք չի դրել և սահմանափակել թուրքական գրանցումով օդանավերի մուտքը Հայաստանի օդային տարածք։ Ի պատասխան այս հարցի՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նշում են, որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) անդամ-պետություններին խտրական մոտեցում կիրառել իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ։

Թե ինչո՞ւ Թուրքիան չի հետևում այս կոնվենցիային, դժվար է ասել, բայց որ այդպիսով խնդիր է ստեղծում հայկական գրանցմամբ օդանավերի համար, փաստ է, երկարում է օդանավերի օդային մայրուղին: Միայն թե հիմա այս խնդրին հայկական գրանցմամբ օդանավերը հաճախ չեն բախվում, քանի որ Եվրամիության սև ցուցակում են։

«Երբ որ Եվրամիության սև ցուցակից դուրս գան, ավիաընկերությունները ասեն՝ հարգելի Քաղավիացիայի կոմիտե, ինչի՞ քայլեր չես ձեռնարկում, մենք ավելորդ ավիակերոսին ենք ծախսում, ավելորդ երկրներ ենք մտնում, դուրս գալիս, ահագին ծախսեր ենք անում: Բոլոր ավիաընկերությունները ձգտում են մաքսիմալ կարճ ճանապարհով, ինչքան կարճ, այսինքն՝ ինչքան ուղիղ, այնքան՝ լավ: Դրա համար Թուրքիան դեպի Եվրոպա մեր ամենաօպտիմալ ճանապարհն էր: Երբ որ արգելքը հանվի, հաստատ ավիաընկերությունները կսկսեն ճնշել կոմիտեին», - ասաց Վահե Սարուխանյանը:

Նախորդ տարվա հունիսին Եվրահանձնաժողովը արգելեց Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Եվրամիության տարածքում: Ավիացիայի գծով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը վստահ է, որ Թուրքիայի արգելքի պատճառը հենց Եվրամիության սև ցուցակում գտնվելու փաստն է։ Եվրոպական ավիացիոն անվտանգության մարմինը նման որոշում էր կայացրել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում մի շարք խախտումներ հայտնաբերելուց հետո։

«Ահա այս աուդիտը, այստեղ 42 էջի վրա հատիկ-հատիկ գրված են այն բոլոր բացթողումները, որոնք հայտնաբերվել են այս երկու ոլորտները հետազոտելուց, դրանք բազմաթիվ են, դրանք 42-ն են և ևս 8 դիտարկում, այսինքն 50 դիտողություն», - ներկայացրեց Ճաղարյանը:

Խախտումները վերաբերում են թռիչքային անվտանգության կազմակերպմանը, վերահսկմանը և թռիչքային պիտանելիության հավաստագրմանը։ Այդուհանդերձ, որևէ պաշտոնական պարզաբանում, որ Թուրքիայի օդային տարածքը հայկական գրանցումով օդանավերի համար փակ է հենց Եվրամիության սահմանափակման պատճառով, չկա, սակայն փաստացի արդեն շուրջ մեկ տարի թուրքական երկինքը փակ է։ Այս պահին այս արգելքն, ըստ էության, տարածվում է 20 օդանավերի վրա. օգոստոսի 2-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 19 քաղաքացիական օդանավ և 1 պետական օդանավ, որը կառավարական բորտն է:

«Եթե թույլ չեն տալիս հայկական օդանավերի թռիչքը Թուրքիայի օդային տարածքով, Հայաստանը կարող է դիմի միջազգային կազմակերպություններին և բողոքարկի Թուրքիայի թույլ չտալու հարցը», - ընդգծեց Հակոբ Ճաղարյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ չեն դիմել որևէ միջազգային կառույցի, քանի որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Արդյոք այս հարցով իրավասո՞ւ է զբաղվել Արտաքին գործերի նախարարությունը, թե՞՝ ոչ, այսօր պարզել չհաջողվեց։ «Ազատության» գրավոր հարցմանը խոստացան պատասխանել առաջիկա օրերին։