Միջադեպից հետո, որի ժամանակ Ազգային ժողովի նախագահի պահանջով ներգրավվեցին նաև անվտանգության աշխատակիցները և դադարեցվեց հեռարձակումը, խորհրդարանը վերսկսեց աշխատանքը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց նման տեսարանի համար։ «Ներողություն եմ խնդրում Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որ ականատես եղան նման տեսարանի։ Ներողություն եմ խնդրում հա՛մ իշխանության, հա՛մ ընդդիմության ներկայացուցիչների փոխարեն»։
Խորհրդարանը քննարկում էր Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այդ պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը: Կրքերը պարբերաբար բորբոքվում էին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ նկատողություն տվեց և դահլիճից հեռացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ապա նկատողություն ստացան նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Ագնեսա Խամոյանը։ Իրավիճակը լարվեց։ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատողներին և կարգադրեց կարգուկանոն հաստատել, ուղիղ եթերն անջատվեց, նիստն ընդմիջվեց։
Այժմ նիստը շարունակվում է։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանն, ապա խորհրդարանն անցավ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այդ պաշտոնում առաջադրել է Գևորգ Պապոյանի թեկնածությունը։