Ուռուտի բնակիչները դեմ են հանքին վերաբերող ցանկացած ծրագրի

Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի սարերում ոսկի և այլ մետաղների հանք որոնելու վերաբերյալ այսօր նշանակված հանրային լսումը չկայացավ. նման ծրագիր ունեցող «Ջին հոլդինգ լիմիթիդ» ընկերության ներկայացուցիչները գյուղ չեկան, թեև նախապես հայտարարել էին, որ երկրորդ անգամ կփորձեն ստանալ գյուղացիների համաձայնությունը հանքերևակման աշխատանքներ սկսելու համար։

Վարչական ղեկավարի ականջին լուրեր էին հասել, թե եկողներն առողջական խնդիրներ ունեն. «Ինչ-որ ասել ա՝ հիվանդ եմ, ես ի վիճակի չեմ գալու»:

Ուռուտի վարչական շենքում ղեկավարի ներկայությամբ ու կնիքով արձանագրություն կազմեցին՝ հանրային լսումը չկայանալու մասին։ Արձանագրության մեջ ավելացրին, որ բնակիչներն, առհասարակ, դեմ են հանքին վերաբերող ցանկացած ծրագրի։

Վարչական ղեկավար Սերգո Ջուլակյանը համամիտ էր ներկաների հետ, արձանագրեց նրանց ցանկությունները, կնիքը դրեց ու գնաց խոտհունձի։ Դատարկ քննարկումների ետևից ընկնի, անասունը ձմռանը կեր չի ունենա։

Առաջին անգամ երեք ամիս առաջ էր, որ հանրային լսումների նպատակով «Ջին հոլդինգ լիմիթիդ» ընկերության ներկայացուցիչները Ուռուտ եկան, բայց բնակիչներն ու բնապահպանները նրանց թույլ չտվեցին անգամ մտնել վարչական շենք՝ ներկայացնելու իրենց ծրագիրը։ Նեղացած գնացին՝ խոստանալով, որ գյուղացիների համար ավելի ընդունելի ծրագրով կվերադառնան։

Այսօր էլ ընկերության ներկայացուցիչների բացակայությա'ն պատճառով հանրային լսումը չկայացավ, թեև բնակիչներն ու բնապահպաններն այս անգամ էլ Ուռուտի կենտրոնում սպասում էին նրանց ու պատրաստ էին տապալելու քննարկումը։ Ասացին՝ գյուղում հատուկենտ մարդիկ կան միայն, որոնք կարող են կողմ լինել զարգացած անասնապահություն ունեցող գյուղը հանքի վերածելու ծրագրերին։

Հարևան Արմանիսում բազմաթիվ խոստումներով հանքարդյունաբերություն սկսած ընկերությունից այդպես էլ օգուտ չտեսան։

Անահիտ Մանուկյանը, որ 4 տարի առաջ այստեղ հեկտարներով հող է գնել, ու կաթի վերամշակման արտադրամաս հիմնել, ասում է՝ հանքարդյունաբերությունը գյուղատնտեսության համար բարենպաստ եղանակային պայմաններ ունեցող Ուռուտին անդառնալի վնասներ կբերի։

«Էս տարածքում երաշտ չկա, կանաչ-կանաչ: Ես գալիս եմ Էջմիածնի կողմից շաբաթական մեկ անգամ ու մինչև Սպիտակ ամբողջ սարերը, Ապարանը անգամ, որ բարձր գոտի է համարվում, լրիվ դեղնած է, գալիս ես անցնում Վանաձորի թունելը, կանաչ այստեղ, ու մարդիկ հիմա խոտ են հնձում, այդ խոտը տանում են ամբողջ Հայաստանով մեկ, որպեսզի ապահովեն մարզերի անասունների ձմեռվա կերը: Էդ ահագին ռեսուրս ա չէ՞», - ասաց Մանուկյանը:

«Ջին հոլդինգ լիմիթիդ»-ն արդեն երկրորդ ընկերությունն է, որ այս տարի հանք որոնելու հայտ է ներկայացրել կառավարություն։ Նրանցից մեկ ամիս առաջ մեկ այլ՝ «Նեյչրլ Ռիսորսիզ» ընկերության ներկայացուցիչներն էին գյուղ եկել, բնակիչների մեծ մասի անտեղյակության պայմաններում հանրային լսում անցկացրել ու դրական եզրակացությամբ հեռացել։ Ընդ որում երկու ընկերություններն էլ հիմնադրվել են այս տարվա փետրվարին՝ երեք օրվա տարբերությամբ։