Ադրբեջանը Արցախի Շոշ-Մխիթարաշեն հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը, հայկական կողմը կորուստներ չունի

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտական դիրքում, արխիվ

Արցախի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը երեկ Լեռնային Ղարաբաղի հարավ-արևմտյան՝ Շոշ-Մխիթարաշեն հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը՝ հրաձգային, ինչպես նաև հակատանկային նռնականետով կրակ արձակելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության՝ հայկական կողմը կորուստներ չունի։ Միջադեպի վերաբերյալ տեղեկություն են տրամադրել ռուս խաղաղապահների հրամանատարությանը։

«Պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից», - ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում։

Արցախի Մխիթարաշեն գյուղի համայնքապետ Մխիթար Առստամյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմը դիրքերից բացի կրակել է նաև գյուղի ուղղությամբ, տուժածներ չկան, սակայն, քաղաքացիական մեքենա է վնասվել, իրադրությունն այնտեղ այժմ հանգիստ է։

Իրադրությունը կայուն է, ասում է նաև Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական կողմն այսպիսի գործողություններով փորձում է վախեցնել Արցախի հայկական բնակչությանը։

«Հասկանում են, որ լայնածավալ պատերազմ չեն կարող սկսել հիմա՝ հաշվի առնելով, որ այստեղ ռուսական բանակն է կանգնած, խաղաղապահները, և հարձակումն Արցախի վրա կլինի հարձակում ռուս խաղաղապահների, այսինքն՝ Ռուսաստանի վրա, բնական է, որ լայնածավալ պատերազմ չեն կարողանում սկսել: Սա իրենց համար ոչ բարենպաստ պայման է, որովհետև եթե չլիներ խաղաղապահ առաքելությունը, կփորձեին ուժով կարգավորել խնդիրը, հիմա չեն կարողանում, բայց նպատակից չեն հրաժարվել», - ասաց Արցախի արտգործնախարարը:

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը նման գործողություններով ուզում է, որ հայերն Արցախից դուրս գան. «Դրա միակ տարբերակը, եթե լայնածավալ պատերազմն անհնարին է, այսինքն՝ կոտորածը հնարավոր չէ, այսպիսի պրովոկացիաներով ցույց տան, որ իրավիճակը կայուն չէ, որ մարդիկ չունենան հավատք վաղվա օրվա նկատմամբ, որ հույսեր չկապեն Արցախի հետ»:

Արցախի արտգործնախարարն ասում է՝ ադրբեջանական կողմի այսպիսի գործողությունները լուրջ մարտահրավեր են նաև ռուս խաղաղապահների համար, քանի որ նման քայլերը անհարգալից վերաբերմունք է նրանց նկատմամբ. «Հետևաբար նրանք նույնպես մեծ ջանքեր են գործադրում, բայց իհարկե դիվանագիտական ձևով և այլն, սա հասկանալի է՝ ցանկացած խաղաղապահ այդպես էլ պետք է իրականացնի առաքելությունը»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ բարձրաձայնում է՝ Շուշիի շրջանի Հին Շեն, Մարտունու շրջանի Նոր Շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը ադրբեջանական անմիջական նշանառության տակ են, ինչը սպառնում է բնակիչների ֆիզիկական ու հոգեկան ավտանգությանը:

«Ադրբեջանի դիրքերը տեղակայված են հենց գյուղի մերձակայքի բլուրների վրա, որն իր հերթին խնդիրներ է առաջացնում հենց տվյալ բնակավայրի բնակչության համար: Շատ դժվար է ապրել մի բնակավայրում, որն անմիջական գտնվում է հակառակորդի նշանառության տակ», - ասաց Ստեփանյանը:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը վերջին անգամ ապրիլին էր հայտնել ադրբեջանական զինուժի կողմից՝ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ արձակելու մասին։