Շիրակի մարզի դպրոցների մոտ 1700 շրջանավարտներից շուրջ 500-ն է ընդունվել մարզի բուհեր

Շիրակի պետական համալսարանի շենքը Գյումրիում, արխիվ

Այս տարի Շիրակի մարզի դպրոցների մոտ 1700 շրջանավարտներից շուրջ 500-ն է ընդունվել մարզի բուհեր. 330-ն ընդունվել է Շիրակի պետական համալսարան, 96-ը՝ Տնտեսագիտական և 69-ը՝ Պոլիտեխնիկական համալսարանների Գյումրու մասնաճյուղեր:

Ի տարբերություն նախորդ որոշ տարիների՝ այս տարի 3 բուհերում էլ պետական պատվերով նախատեսված անվճար բոլոր տեղերը լրացվել են: Շիրակի պետական համալսարանը ուսանողների թվով անհամեմատ մեծ է մյուս բուհերից: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նշում է, որ թեև նախորդ տարվա համեմատ բուհ ավելի շատ դիմորդ է ընդունվել, այնուհադերձ, մտահոգություն ունի, որ որոշ կարևոր մասնագիտությունների բաժիններ, օրինակ, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, դիմորդներ չկան: Բուհը ստիպված է այդ մասնագիտություններով ընդունելություն չանել, այլապես մեկ երկու ուսանողով խումբ պահելը կբերի ֆինանսական լուրջ խնդիրների։

«Մենք այս տարի ֆիզիկա և մաթեմատիկա ընդունելություն չունեինք, որովհետև անցյալ տարի մենք մեկական հոգի ունեցանք, մեկ հոգի ընդունվեց մաթեմատիկա, պարզապես դիմորդներ չկային: Ֆիզիկան ընդամենը մեկ հոգի էր դիմել, հաղթահարել էր մրցութային շեմը, բայց տեղափոխվեց այլ բուհ: Այդ տեսակետից նայելով մեր վերջին թվերը, չհայտավորեցինք: Ցավոք սրտի, կա այդ խնդիրը», - նշեց Սերոբյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն մի քանի տարի հետո չե՞ն լինի ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա առարկաների մանկավարժներ, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Այսօր էլ կա այդ խնդիրը, լուրջ խնդիր է և այդ ուղղությամբ պետք է մտածել»:

Չնայած քիչ ուսանող ունեցող խմբեր պահելը, ինչպես նշում է Սերոբյանը, բուհին ձեռք չի տալիս, բայց կան մասնագիտություններ, որտեղ, օրինակ, այս տարի դիմորդ է ընդունվել. «Այս տարի ունենք երեք մասնագիտություն, ցավոք սրտի, որտեղ երեք և պակաս են: Մեկ հոգի միջմշակութային հաղորդակցություն՝ ֆրանսերեն-հայերեն է ընդունվել, երեքը՝ հաշվապահական հաշվառում և հարկում և համակարգչային գրաֆիկա՝ երկու հոգի»:

Պահանջարկ չունեցող մասնագիտությունների կողքին կան նաև մեծ պահանջարկ ունեցողները: Մի քանի մասնագիտություններ նույնիսկ մրցութային են եղել:

«Ունենք թարգմանական գործ՝ անգլերեն-հայերեն, դիմել էին 42-ը, ընդունվել են 30-ը, ունեցել ենք հոգեբանություն 41 դիմորդ, 36-ը ընդունվել են: Այսինքն կան մասնագիտություններ, որոնք իսկապես պահանջված են այսօր», - ասաց Սերոբյանը:

Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում այս տարի 6 մասնագիտությամբ է ընդունելություն կազմակերպվել: Տարիների ընթացքում բուհի մասնագիտությունների ցանկը փոխվել է և այսպես ասած ավանդական պոլիտեխնիկական մասնագիտություններին փոխարինել է տեղեկատվականը: Մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանն ասում է, որ այդուհանդերձ փորձել են ավանդական մասնագիտություններից մեքենաշինության բաժնում ընդունելություն կազմակերպել, բայց հետաքրքրությունը շատ քիչ է եղել դիմորդների մոտ:

«Ցավոք, դասական պոլիտեխնիկական մասնագիտությունները՝ մեքենաշինություն, շինարարություն առայժմ պահանջարկ չեն վայելում: Մենք այս տարի նորից փորձեցինք մեքենաշինությամբ հայտարարություն տալ, ընդամենը երեք դիմորդ ունեցանք, երեքն էլ հաղթահարեցին շեմը», - ասաց Պապոյանը:

Պոլիտեխնիկական համալսարանը սովորաբար արտադրական ձեռնարկություններին ինժերներներով է ապահովել: Հիմա, ասում է Պապոյանը, աշխատաշուկայում ինժեների պահանջարկ չկա. «Պահանջարկը ինժեներական շատ քիչ է, աշխատողների պահանջ կա, անընդհատ հայտարարություններ են տալիս, բայց պետք են կարի մեքենայի վրա մոդել կարող բանվորուհիներ, դրա համար Պոլիտխնիկական պիտի չավարտեն»:

Հայաստանը ո՛չ թելի, ո՛չ տեքստիլի արտադրությամբ չի կարող մրցակցել ոլորտների առաջատար երկրների հետ: Այստեղ համալսարանի ղեկավարն առաջարկում է ուղղությունը փոխել ոչ թե ավանդական տեքստիլ արտադրության այլ խելացի տեքստիլի վրա:

«Մեզ պետք է գնալ դեպի խելացի տեքստիլը, որն այնտեղ բացակայում է: Խելացի տեքստիլը գիտեք ինչ է, օրինակ, կտոր է, որը կարող է ինֆորմացիա տալ ձեր ինքնազգացողության մասին, դուք ջերմություն ունեք, կտորն ինֆորմացիա տա: Այսինքն այս նանոտեխնոլոգիաները թույլ են տալիս այդպիսի հատկություններով օժտել տեքստիլին: Իմ կարծիքով՝ պետք է գնանք այս ուղղությամբ, այլապես զուտ կտորի արտադրություն և այլն, կարծում եմ, Հայաստանը ոչ լոգիստիկ այդ հնարավորություններն ունի, ոչ էլ իրացման շուկա ունի», - ասաց նա:

Աշոտ Պապոյանի կարծիքով՝ բուհը պահելու համար պետք է թեկուզ քիչ, բայց պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրել, այլապես թերի կազմված խմբերը կավելացնեն ֆինանսական խնդիրները: