Լուկաշենկո․ «Բելառուսի և Ռուսաստանի քաղաքական ինտեգրացիա նախատեսող ճանապարհային քարտեզից Պուտինն է հրաժարվել»

«Բելառուսի և Ռուսաստանի ինտգերացիան չպետք է հանգեցնի բելառուսական պետականության վերացմանը», - Մինսկում՝ 2020 թվականի վիճահարույց նախագահական ընտրությունների առաջին տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նման համոզմունք հայտնեց Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողի հարցին։

«Մենք անկախ և ինքնիշխան պետություն ենք։ Մեր քաղաքացիները բարձր են գնահատում այն իրողությունը, որ դարեր անց մենք անկախ և ինքնիշխան պետություն ունենք։ Եվ երբ ես լսում եմ Ռուսաստանի կազմ մտնելու մասին այդ ակնարկները, ես Ռուսաստանի նախագահի տեսանկյունից եմ նայում այդ ամենին, նրա փոխարեն մտածում եմ՝ արդյոք Ռուսաստանին ևս մեկ գլխացավանք պե՞տք է, ոչ», - պնդել է Լուկաշենկոն։

Այսօրվա ասուլիսի ընթացքում Բելառուսի նախագահը չշրջանցեց նաև իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում քննարկված այսպես կոչված 31-րդ ճանապարհային քարտեզի թեման։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ փաստաթուղթը նվիրված էր երկու երկրների քաղաքական ինտեգրմանը։ Դրա համաձայն Բելառուսի ինքնիշխանությունը զգալիորեն սահմանափակվում էր՝ նախևառաջ Մոսկվայի և Մինսկի միջև մի շարք ոլորտներում կառավարման վերազգային մարմինների ստեղծման պատճառով։

«Այդ ճանապարհային քարտեզից հրաժարվել, այն դեն է նետել հենց Ռուսաստանի նախագահը», - այսօր պնդել է Լուկաշենկոն՝ հայտարարելով, թե Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում վերազգային մարմինների ստեղծումն անիմաստ է, քանի որ երկու երկրների առաջատար գերատեսչությունները, այդ թվում՝ Պաշտպանության և ԱԳ նախարարությունները պարբերաբար կոլեգիաների համատեղ նիստեր են գումարում։

Անդրադառնալով ռուս-բելառուսական հարաբերություններում առկա մեկ այլ խնդրին՝ Մոսկվայից պարբերաբար հնչող մեղադրանքներին, թե Մինսկը չի շտապում ճանաչել Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին, Լուկաշենկոն խորհուրդ տվեց հարևան երկրի որոշ շրջանակներին. - «Նախ ինքներդ կողմնորոշվեք թե ումն է Ղրիմը»։

«Երբ ամենավերջին ռուս օլիգարխը կճանաչի Ղրիմը և կսկսի իր արտադրանքը առաքել այդ երկրամաս՝ ես չեմ հապաղի։ Չնայած կան գործոններ, որոնք կաշկանդում են ինձ, օրինակ, Բուդապեշտի համաձայնագիրը։ Բայց ես դա էլ կշրջանցեմ։ Տեսնում եք Ուկրաինան ինչեր է անում։ Իմ ձեռքերն ազատ են թե՛ Ղրիմի, թե՛ մնացյալ հարցերում», - հայտարարել է Լուկաշենկոն։

Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին՝ ապա այստեղ, ըստ Լուկաշենկոյի, Բրյուսելը պետք է հրաժարվի ճնշումների կիրառումից և որդեգրի Մինսկի հետ երկխոսության մարտավարությունը։

«Քանի դեռ մենք, հատելով կարմիր գիծը, միմյանց անկյուն չենք քշել, պետք է որոշումներ կայացնել։ Ստեղծված իրավիճակից հարկավոր է հիմա դուրս գալ։ Գնդակը սակայն նրանց դաշտում է», - հայտարարել է Լուկաշենկոն՝ կոչ անելով եվրոպացիներին հրաժարվել իր ղեկավարած երկրի դեմ պատժամիջոցների կիրառումից. «Պատժամիջոցային կացիններն ու եղանները գործի դնելու կարիք չկա, առավել ևս, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Ինչի՞ դա կարող է հանգեցնել, օրինակ, անօրինական ներգաղթի»։

Այսպիսով Լուկաշենկոն գրեթե բացահայտորեն ընդունեց, որ իր իշխանությունն ուղղակի առնչություն ունի Լիտվայի հետ սահմանին ծագած միգրացիոն ճգնաժամին։ Հունիսին, ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներից հետո, Բելառուսի ղեկավարը հայտարարել էր, որ Մինսկը այլև նույն աչալրջությամբ չի վերահսկի իր տարածքով թմրամիջոցների և անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի ԵՄ։ Որպես հետևանք, ընդամենը մի քանի շաբաթում Բելառուսի տարածքով Լիտվա ներթափանցել փորձող երրորդ երկրների՝ նախևառաջ Իրաքի քաղաքացիների հոսքը գրեթե եռապատկվել էր՝ ստիպելով Լիտվայի իշխանություններին սահմանի երկայնքով բանակային ստորաբաժանումներ տեղակայել։

Խոսելով ասուլիսի բուն առիթի՝ մեկ տարի առաջ կայացած և միջազգային հանրության մի զգալի հատվածի կողմից կեղծված ճանաչված նախագահական ընտրությունների մասին, Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր էլ պնդում է՝ դրանք անցել են աննախադեպ ազատ և թափանցիկ մթնոլորտում։

«Այն ժամանակ մենք ընտրությունների նախապատրաստությունն ու բուն ընտրությունները անցկացրեցինք տոտալ հրապարակայնության և քաղաքական կյանքի ժողովրդավարացման մթնոլորտում։ Տարբերությունը, սակայն, նրանում էր, որ ոմանք պատրաստվում էին արդար և ազնիվ ընտրությունների, իսկ ոմանք, որոնք այդ օրերին կոչ էին անում «իշխանության հերն անիծել», պատրաստվում էին հեղաշրջման», - պնդել է Բելառուսի ղեկավարը։

Բելառուսական ընդդիմությունը, որի բոլոր ամենաաչքի ընկնող ներկայացուցիչները այսօր կամ ճաղերի ետևում են, կամ էլ արտերկրում, շարունակում է պնդել՝ Բելառուսի նախագահը արդեն մեկ տարի է, ինչ անօրինականորեն է զբաղեցնում իր պաշտոնը և Արևմուտքը պետք է մեծացնի ճնշումը Մինսկի նկատմամբ՝ Լուկաշենկոյի հեռացմանը հասնելու համար։

«Այժմ, երբ վարչակազմը պատրաստ չէ փոխել իր գործելաոճը, ես կարծում եմ, որ եկել է պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման ժամանակը։ Լուկաշենկոյի ռեժիմը այլ լեզու չի հասկանում։ Այդ պատժամիջոցները, սակայն, պետք է միասնական բնույթ կրեն և սահմանվեն բոլոր ժողովրդավարական պետությունների՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԵՄ կողմից։ Միայն նման միասնական պատժամիջոցներն են, որ կարող են ազդեցիկ լինել», - այսօր Վիլնյուսում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր 2020 թվականի ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան։