Արդեն չորրորդ օրն է շարունակվում է 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, բայց մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը դեռ չի էլ քննարկվել։
Տարիներով ձևավորված խորհրդարանական ավանդույթի համաձայն իշխանությունն ու ընդդիմությունը նախապես քննարկում և համաձայնեցնում են, թե որ հանձնաժողովը ով է ղեկավարելու։ Մինչ այս պահը նման քննարկում չկա, այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բազմիցս դիմել եմ մեր գործընկերներին, որպեսզի այդ քննարկումը տեղի ունենա, բայց մեր գործընկերները անընդհատ պատրաստ չեն այդ քննարկմանը, ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում», - նշեց Սիմոնյանը:
«Ազատության» հարցին՝ իսկ եթե այդպես էլ չգան քննարկման, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չի կարող այդպիսի բան լինի, վստահ եմ, որ չի կարող լինի, որովհետև նախ արդեն օրենքը դա կարգավորում է, այդ պարագայում, եթե չի ներկայացվում որևէ թեկնածու, մեխանիկորեն անցնում է իշխող խմբակցությանը»:
Հարցին էլ՝ իշխանության համար կա՞ն հանձնաժողովներ, որոնց նախագահը պետք է իշխանական լինի, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. «Այո, կան, և այդ որոշումը մենք ներսում ունենք և յուրաքանչյուր սցենարի պարագայում պատրաստ ենք»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը հակադարձում է՝ քանի դեռ իրենց երկու պատգամավոր գործընկերները կալանքի տակ են, իրենք իշխանությունների հետ քննարկման սեղանի շուրջ չեն նստի:
«Այն պարագայում, երբ որ մեր ընկերները կալանքի տակ են, երբ որ այս ամբիոնից խոսում են հանդուրժողականության, կառուցողականության մասին և շարունակում են բռնաճնշումները մեր գործընկերների, մեր աջակիցների նկատմամբ, մենք չենք կարող նստել, քննարկել ինչ-որ պաշտոնների հարցը», - նշեց Սաղաթելյանը:
Դիտարկմանը՝ չունե՞ն մտահոգություն, որ իրենք իրենց մեծամասնությամբ կանեն այնպես, ինչպես ուզում են, Սաղաթելյանն արձագանքեց. «Մենք այստեղ ենք փորձելու դա կանխել: Իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովներին, դրա համար գոյություն ունի կանոնակարգ, իրենք կընտրեն առաջին երկուսը, այնուհետև երրորդ իրավունքը մերն է, ըստ իրավիճակի կորոշենք և այդ ընտրությունը կկատարենք»:
Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը դեռ փակագծեր չեն բացում՝ որ հանձնաժողովների նախագահությունը ստանձնելն է իրենց համար սկզբունքային։
Մշտական հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Ըստ այդմ, հենց նիստի ընթացքում նախ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» երկու հանձնաժողովի համար նախագահ կառաջադրի, ապա «Հայաստան» խմբակցությունը մեկ հանձնաժողովի համար, ապա դարձյալ ՔՊ-ը և այսպես շարունակ։
Որևէ պայմանավորվածության բացակայությունը ենթադրում է, որ ընդդիմությունը կարող է հավակնել այնպիսի առանցքային հանձնաժողովների, ինչպիսիք են պաշտպանությունը, արտաքին հարաբերությունները կամ պետաիրավականը։ Այս պարագայում էլ, սակայն, փակ գաղտնի քվեարկությամբ իշխանությունը կարող է նրանց առաջադրած թեկանծուին պարզապես դեմ քվեարկել։ Ինչքա՞ն կարող է այս գործընթացը շարունակվել, օրենքը չի հստակեցնում։ Կարո՞ղ է սա սահմանադրական ճգնաժամի պատճառ դառնալ, իշխանական խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը լիահույս է, որ ոչ։
«Երբ որ մենք թևակոխենք հանձնաժողովների նախագահների ընտրության փուլ, ես առաջարկում եմ, որ այդ պահին մենք սկսենք խոսել այդ մասին», - ասաց Կոնջորյանը:
Նախորդ գումարման ԱԺ-ում գործում էր 11 մշտական հանձնաժողով։ Նրանց թիվը օրենքով առավելագույնը կարող է հասնել 12 -ի։ Եվս մեկ՝ 12-րդ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ արդեն հանդես են եկել թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը։
Իշխող ուժը առաջարկում է ստեղծել սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, այն առանձնացնելով առողջապահության հանձնաժողովից։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները համատեղ նախագծով առաջարկում են ստեղծել նոր՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
Սաղաթելյանն ասում է՝ ԱԺ-ում նման հանձնաժողով ունենալը կարևոր ուղերձ կլինի Հայաստանի խորհրդարանի կողմից. «Կարևոր կլինի, եթե օրինակ՝ հենց ստեղծվի Արցախի հարցերով հանձնաժողով և Արցախի հարցերով հանձնաժողովի նախագահը լինի ընդդիմությունից»:
Իշխող ուժի խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի պատասխանը չտարբերվեց հանձնաժողովների վերաբերյալ մյուս բոլոր հարցերի պատասխանից՝ սպասենք, կտեսնենք։ Ակնկալվում է, որ այս հարցը կքննարկվի ԱԺ փոխնախագահի ընտրությունից հետո։