Ռուսաստանն օգտակար է համարում ՄԱԿ-ի հնարավոր մասնակցությունը ԼՂ-ում մարդասիրական գործունեությանը

Ռուսաստանի արգործնախարարության շենքը Մոսկվայում

Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան կարգավորումը պետք է հիմնված լինի եռաողմ հայտարարությունների վրա, որ ստորագրել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Ռուսաստանի դիրքորոշմանը վերաբերող փաստաթուղթ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության նորմալացմանն ուղղված ջանքերի շրջանակներում առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահ գործողության անցկացման գոտում ՄԱԿ-ի գործակալությունների և, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) վարչության ներգրավումը մարդասիրական գործունեությանը: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ», - ասված է փաստաթղթում։

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի ներկայացուցիչը ստորագրել էր Մինկսի խմբի համանախագահների հերթական հայտարարության տակ, որում հերթական անգամ նշված է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանո ներքո։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ուղղված այս հայտարարությունում, սակայն, բանակցությունների մասին խոսք չկա։

Մոսկվայում շարունակում են ուշադրությամբ հետևել հետպատերազմյան զարգացումներին մեր տարածաշրջանում , պարբերաբար հայտարարութուններ են անում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները, մեկնաբանություններ են անում ռուսաստանցի փորձագետները։ Հատկապես ակտիվ են այն պատգամավորներն ու փորձագետները, ում հետ աշխատում է ադրբեջանական լոբբին Մոսկվայում։

Ընդ որում, հին ադրբեջանամետ պատգամավորների և փորձագետների շարքերը համալրվում են նոր անուններով։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլովը, մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրման մեղավորը Հայաստանն է, և թե սահմանին տեղի ունեցած բախումները Փաշինյանն օգտագործում է որպես ապացուցելու միջոց, որ Ղարաբաղը Հայաստանի համար ընդմիշտ կորած չէ։

Ռուս պատգամավորը նաև հավելում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, հերթական մարտական գործողություններն անխուսափելի կդառնան։

Սա այն թեզն է, որ ադրբեջանական լոբբին ակտիվ տարածում է ռուսական մեդիադաշտում՝ օգտագործելով և' պատգամավորներին, և' փորձագետներին։ Բաքուն նաև ռուսական մամուլում տարբեր հրապարակումների միջոցով փորձում է համոզել Կրեմլին, որ Հայաստանի վարչապետն արևմտամետ քաղաքական գործիչ է, և որ նա փորձում է Ֆրանսիայի միջոցով բոյկոտել եռակողմ համաձայնությունների կատարումը։

Նշենք, որ Ժուռավլյովը այսօր իրեն բավականին կոշտ արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի ղեկավարի հասցեին։

Պաշտոնական Մոսկվան, ի դեմս Ռոսւաստանի արտգործնախարարության, պարբերաբար հայտարարում է, որ սահմանային լարվածությունը կարգավորելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել դեմարկացիայի գործընթացը։