ԱՄՆ-ը Լիբանանին 100 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ

Վաշինգտոնը 100 միլիոն դոլար կտրամադրի Լիբանանի կառավարությանը՝ երկրում առկա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան՝ Լիբանանի ֆինանսական դոնորների հեռավար համաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Այսօր ես հայտարարում եմ [Լիբանանին հատկացվող] մարդասիրական օգնության նոր չափաբաժնի մասին, որ կկազմի շուրջ 100 միլիոն դոլար։ Այս գումարը հատկացվելու է ի հավելումն այն 560 միլիոն դոլարի օժանդակությանը, որ մեր երկիրը հատկացրել է Լիբանանին վերջին երկու տարիների ընթացքում։ Ես կոչ եմ անում մյուս մայրաքաղաքներում գտնվող մեր գործընկերներին միանալ մեզ՝ ավելացնելով Լիբանանի ժողովրդին հատկացվող օգնության չափը։ Դրա հետ մեկտեղ, պետք է ըմբռնել, որ որևէ օգնություն բավարար չի լինի, քանի դեռ Լիբանանի ղեկավարները իրենք ձեռնամուխ չեն եղել երկրի տնտեսությունը բարեփոխելու և կոռուպցիայի դեմ պայքարի դժվարին գործին», - հայտարարում էր Բայդենը։

Լիբանանի դոնորների կոնֆերանսը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանjուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած և ավելի քան 200 մարդու կյանք խլած պայթյունի առաջին տարելիցի օրը։