Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյան, արխիվ

Մեղրիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանքի տակ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ուժի մեջ թողեց Զաքարյանին կալանավորելու՝ դեռ մեկ ամիս առաջ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը ասաց, որ պատրաստվում է կրկին դիմել դատարան պատգամավորին կալանքից ազատելու համար՝ հիմնավորումերի մեջ նշելով նաև նրա անձեռնմխելիության հարցը. - «Եվ եթե նորից կգնան այդ ապօրինություններին, որ իրենք պատրաստ են ամեն ինչի գնով Ազգային ժողովի պատգամավորին պահել կալանքի տակ, այդտեղ, կարծում եմ, մենք այլևս չենք կարող խոսել իրավական, ժողովրդավարական պետության մասին։ Որովհետև նման գործերով եթե ստատիստիկան նայեք, բազմաթիվ անձինք կալանքի տակ չեն գտնվում նման հոդվածներով»։

Կալանավորվելուց հետո պատգամավորական մանդատ ստացած Զաքարյանը մեղադրվում է պաշտոնական կեղծիքի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Խոսքը համայնքին պատկանող արգելոցից հողատարածքի օտարման մասին է։

Ըստ Քննչական կոմիտեի, 2016 թվականից Մեղրին ղեկավարած Զաքարյանը կազմակերպել է համայնքին պատկանող և վաճառքի ոչ ենթակա արգելոցի տարածքի վաճառքն իր մտերիմին։ Այս գործով մեղադրյալ են նաև Զաքարյանի նախկին տեղակալն ու քաղաքապետարանի գլխավոր մասնագետը։

Պատգամավոր ընտրվելուց հետո Մեղրիի քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Զաքարյանը մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանն էլ մանրամասնում է՝ քաղաքապետարանի աշխատակիցների տված փաստաթղթերի հիման վրա է նման որոշում կայացրել։ Ինչ վերաբերում է նշված մտերիմ անձին, ապա նա Զաքարյանի եղբոր մտերիմն է, ինչն, ըստ պաշտպանական կողմի, ապօրինի չէ։

«Դրանից հետո իրենք բերում են մեղադրանքի մեջ բազմաթիվ օրենսդրական նորմեր, վերլուծում, վերլուծում, վերլուծում ու ասում են՝ այս վերլուծության հիման վրա մենք գտնում ենք, որ սա օտարման ենթակա չէր։ Բայց Մխիթար Զաքարյանը, չլինելով իրավաբան, ասում է՝ ինձ ներկայացնում են համապատասխան մասնագետները տեղեկանք, իրենք են կազմում, և եթե չկա հակասություն իրենց միջև՝ բաժնի պետ, տեղակալ, աշխատակիցներ, ես դա ստորագրում եմ, որովհետև ես չեմ կարող բոլոր բնագավառները իմանալ՝ ֆինանսական, իրավաբանական, հողաշինական։ Կարգն է էդպիսին», - հավելեց փաստաբանը։

Զաքարյանի փաստաբանները շարունակում են այս քրեական գործը համարել քաղաքական հետապնդում։

Ըստ Երեմ Սարգսյանի, իշխանությունները խնդիր ունեն Սյունիքի համայնքապետերի հետ։ Բացի Զաքարյանից, տարբեր, այդ թվում և ընտրական հանցագործություններով մեղադրյալներ են նաև Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, նաև Որոտան և Քարահունջ համայնքների ղեկավարները. - «Էստեղ, իմ կարծիքով, ավելի շատ Սյունիք պրոբլեմն ա։ Սյունիքի համայնքապետերին փորձում են մեկուսացնել ինչ-որ այլ նպատակների համար։ Այլ նպատակները բոլորս հասկանում ենք, և վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք կտեսնենք, թե սա ինչի համար է արվում, ինչը բացարձակապես ո'չ կապ ունի իրավական պետության հետ, ո'չ ժողովրդավարական, ո'չ էլ ընդհանրապես իրավական օրինական պրոցեսների հետ»։

Այն, որ իշխանությունները մտադիր են ճաղերի հետևում պահել նորընտիր պատգամավորին, նրա փաստաբանը հիմնավորում է նաև վերաքննիչի որոշմամբ։ Ասում է՝ դատավոր Ռուզան Բարսեղյանը հատուկ էր ընտրվել , և որ իրենց այդպես էլ որևէ հիմնավորում չներկայացրեցին, թե ինչպես է հենց այս դատավորին մակագրվել գործը։

Նորընտիր պատգամավորին վերագրվող գործողությունները իրավապահները սկսեցին քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանում, երբ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ներառված Զաքարյանն ուներ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիություն։ Այս էր պատճառը, որ գլխավոր դատախազությունը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Զաքարյանին ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար։ Եվ միայն թույլտվություն ստանալուց հետո իրավապահները դիմեցին դատարան՝ Զաքարյանին կալանավորելու համար։

«Հայաստան» դաշինքի պատգաավորները շարունակաբար հայտարարում են, որ ինչպես Զաքարյանն, այնպես էլ մեկ այլ քրեական գործով անցնող կալանավորված Սիսիանի նախկին քաղաքապետ, դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը պատգամավորի անձեռնմխելիություն ունեն և չեն կարող քրեական հետապնդման ենթարկվել։

Մինչդեռ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը երեկ պնդեց՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռքբերելը, և դրանից հետո պատգամավոր դառնալը ոչինչ չի կարող փոխել. - «Այդ պահին ինչ կարգավիճակ որ ունեցել են, այդ անձեռնմխելիությունը հաղթահարվել է, և նրանք ստացել են կարգավիճակ։ Մնացածը՝ Ազգային ժողովի նիստերին մասնակցություն և այլն, քրեական դատավարության հետ որևէ կապ չունի»։

Սակայն Զաքարյանի փաստաբանը դեռևս իր փաստարկները չբացահայտելով՝ պնդում է, թե՝ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին, որը անազատության մեջ է, պետք է անհապաղ ազատ արձակել, իսկ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու թույլտվությունը պետք է տա նորընտիր խորհրդարանը։

Թեև գլխավոր դատախազը խնդիր չի ունենա դա ստանալու, բայց ավելի հեշտ է չգալ խորհրդարան և Զաքարյանին պահել անազատության մեջ ապօրինի, ասում է նրա պաշտպանը. - «Օրենսդրի ամբողջ կամքը և տրամաբանությունը կայանում է նրանում, որ Ագգային ժողովի պատգամավորը որպեսզի գտնվի անազատության մեջ, դրա համար պետք է, որ լինի Ազգային ժողովի համաձայնությունը»։

Զաքարյանի պաշտպանները կբողոքարկեն վերաքննիչի որոշումը վճռաբեկ ատյան։