Բրիտանիայի վարչապետը Լոնդոնում ընդունել է Բելառուսի ընդդիմության առաջնորդին

Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայան Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի մոտ, Լոնդոն, 3 օգոստոսի, 2021թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնում ընդունել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային:

Ջոնսոնը հավաստիացրել է, որ Բրիտանիան սատարում է Բելառուսի դեմոկրատիային և քաղաքացիական հասարակությանը:

«Մենք ձեր կողմից ենք, ձեզ հետ ենք, մենք շատ ենք սատարում ձեր առաքելությանը և հավատարիմ ենք Բելառուսում մարդու իրավունքներին և քաղաքացիական հասարակությանն օժանդակելու մեր ստանձնած պարտավորությանը: Շատ ուրախ եմ ձեզ հանդիպել, գիտեմ, որ Դուք համաշխարհային շրջագայություն եք կատարում»,- ասել է Բորիս Ջոնսոնը:

«Շնորհակալ եմ, Միացյալ Թագավորությունն ամենասկզբից միանշանակ սատարել է Բելառուսին, ավելին Բրիտանիան տարիներ առաջ է սկսել մեզ աջակցել, ընտրություններից հետո ձեր դիվանագետները Մինսկից արտաքսվածների թվում առաջինն էին, դա նշանակում է, որ նրանք շատ ուշադիր են հետևել ընտրություններին»,- ասել է Տիխանովսկայան:

Ջոնսոնի հետ հանդիպումից հետո նա ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ զրույցը շատ ջերմ էր և տպավորիչ:

Միջազգային ուղևորություն կատարող Տիխանովսկայան վերջերս Միացյալ Նահանգներում հանդիպել է նաև նախագահ Ջո Բայդենի հետ: