Մոսկվայի Պրեոբրաժենսկի շրջանի դատարանը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլին մեղավոր է ճանաչել «այս տարվա հունվարին ապօրինի հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու համար» և կայացրել է նրա ազատությունը 1,5 տարով սահմանափակելու վճիռ:
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»:
Դատարանի վճռով Սոբոլի ոտքին ամրացրել են հատուկ հսկողության սարք, որը թույլ կտա հետևել նրա տեղաշարժին: Դատախազը դատարանին խնդրել է Սոբոլին դատապարտել երկու տարվա ազատազրկման:
Լյուբով Սոբոլը չի ընդունում մեղադրանքը: Նրա փաստաբանը ներկայացրել է լեզվաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, Սոբոլը սոցիալական ցանցում տեղադրած գրառումներով սանիտարական նորմերը խախտելու կոչեր չի արել:
Ըստ մեղադրող կողմի, հորդորելով հանրությանը մասնակցել ապօրինի հավաքին, ընդդիմադիր գործիչը մարդկանց ենթարկել է կորոնավիրուսով վարակվելու վտանգի:
«Ազատության սահմանափակումը հսկվելու է ոտքիս ամրացված հատուկ սարքով, եթե ես խախտեմ պահանջները, դատարանը կարող է խստացնել պատիժը», - ասել է Սոբոլը:
Այսօր դատական կարգադրիչները նրան հեռացրել են դահլիճից, քանի որ նա սկսել է հեռախոսով նկարահանել դատավարությունը: