Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ի պաշտոնե սկսել է քննել Քրիստինա Տիմանովսկայայի հետ կապված միջադեպը:
Բելառուսի օլիմպիական թիմի ներկայացուցիչ վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայան, ով հրաժարվել է վերադառնալ հայրենիք, գտնվում է Տոկիոյում Լեհաստանի դեսպանատանը, վաղը նա Տոկիոյից կմեկնի Վարշավա:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը մարդասիրական վիզա է շնորհել Տիմանովսկայային:
Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին Տոկիոյում լրագրողներին փոխանցել է, որ բելառուսցի մարզուհու անվտանգությունը երաշխավորված է:
«Տիմանովսկայան այս պահին անվտանգ վիճակում է, բայց հաշվի առնելով այս խնդրի բարդությունը, ես որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող անել», - ասել է արտգործնախարարը:
24-ամյա մարզուհին երկուշաբթի օրը պետք է մասնակցեր կանանց վազքի 200 մետր տարածության մրցույթին, սակայն բելառուսական թիմը չեղարկել է նրա հայտավորումը և Տիմանովսկայային փոխադրել է օդանավակայան՝ Բելառուս վերադարձնելու համար:
Մարզուհին օդանավակայանում իր վիճակի մասին տեղեկացրել է ճապոնացի ոստիկաններին, ասել է, որ իրեն՝ իր կամքին հակառակ, ուժով փոխադրել են օդանավակայան, ինչից հետո ոստիկանները նրան պաշտպանության տակ են վերցրել:
«Բելառուսի մարզիկների համերաշխության հիմնադրամ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ Տիմանովսկայան, ամենայն հավանականությամբ, ապաստան կխնդրի Գերմանիայում կամ Ավստրիայում: