Միացյալ Նահանգների չափահաս բնակիչների մոտ 70 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:
Ըստ վիճակագիրների, 4 չափահասներից 3-ը պատվաստվել են: Այդ տվյալները երեկ հրապարակել է ԱՄՆ առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների հսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նպատակն էր հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը հասնել պատվաստման 70 տոկոսի շեմին, սակայն գործընթացը ձգձգվել էր պատվաստման նկատմամբ բնակչության որոշակի հատվածի անվստահության հետևանքով:
Բայդենի կարգադրությամբ դաշնային բոլոր պաշտոնյաները, տրանսպորտի համակարգի աշխատողները և մի շարք այլ ծառայությունների աշխատակիցներ պետք է պատվաստվեն կամ պարբերաբար ստուգումների ենթարկվեն:
Մի շարք նահանգներում, այդ թվում՝ կորոնավիրուսից առավել տուժած Լուիզիանայում իշխանությունները վերականգնել են դիմակ կրելու պահանջը:
Պատվաստման 70 տոկոսի շեմն, ըստ մասնագետների, կընձեռի բնակչության հավաքական իմունիտետ, ինչը թույլ կտա կասեցնել վարակի տարածումը: