«Ղարաբաղյան հակամարտության արմատները հին են, պարզ լուծում այն ժամանակ խնդիրը չուներ և հիմա չունի». Միխայիլ Գորբաչով

Սովետական միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը երեկ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության» մեջ ամսագրում «պերեստրոյկային» նվիրված ծավալուն հոդվածում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը և արել հայտարարություն, որը հակասում է Լեռնային Ղարաբաղի մասին նախկինում արած իր հայտարարություններին։

«Ղարաբաղյան հակամարտության արմատները հին են, պարզ լուծում այն ժամանակ խնդիրը չուներ և հիմա չունի, թեև ինձ փորձում էին համոզել, որ խնդիրը կարելի է կարգավորել սահմանների վերաձևման ճանապարհով։ Երկրի ղեկավարությունում եղել է միասնական կարծիք. դա անթույլատրելի է։ Ես կարծում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվածության հասնելը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը՝ օգնել նրանց իրավիճակի կարգավորման, մասնավորապես, տնտեսական խնդիրների լուծման գործում։ Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր», - հոդվածում գրել է Գորբաչովը։

Նախկինում նա հայտարարում էր, թե ափսոսում է, որ սովետական կայսրության վերջին տարիներին, երբ ինքը երկրի ղեկավարն էր և սկսվել էր ղարաբաղյան շարժումը, երկրի ղեկավարությունը չի ճանաչել ղարաբաղցիների իրավունքը և կարգավիճակ չի տվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին։ Նման հայտարարություն Գորբաչովն արել էր, մասնավորապես, «Ազատությանը» տված հարցազրույցում 2010 թվականի մարտին:

«Ինձ թվում է՝ պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ։ Պետք էր աջակցել նաև տնտեսապես, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երևանի հետ», - «Ազատությանը» 2010 թվականին տված հարցազրույցում ասել էր Սովետական Միության վերջին ղեկավարը։

Գորբաչովը տասը տարի առաջ պատասխանելով մեր հարցին ասել էր նաև, որ առաջարկում էր Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ, հավելելով, թե Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Վեզիրովը ուզում էր համաձայնել, բայց հետո չստացվեց։ Այդ նույն օրը, 2010 թվականի մարտի 5-ին Միխայիլ Գորբաչովը ասել էր, թե 80-ականներին գուցե հնարավոր լիներ ղարաբաղյան խնդիրը կարգավորել, իսկ այսօր հնարավոր չէ պատկերացնել, որ Ղարաբաղը նորից լինի Ադրբեջանի կազմում։

Գորբաչովը երեկվա հոդվածում պնդում է, թե ԽՍՀՄ-ը փլուզվել է 1991 թվականի օգոստոսին պետական հեղաշրջման փորձի և Բելովեժյան համաձայնագրի պատճառով: Նա գրում է, թե Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրել են 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Սովետական Միությանը՝ հակառակ ժողովրդի կամքի, որն արտահայտված էր 1991 թվականի մարտի 17-ի հանրաքվեում, եզրափակել է Սովետական Միության առաջին ու վերջին նախագահը, ում ռուսաստանցիների մի զգալի մասը համարում է դավաճան, որ տապալեց Սովետական Միությունը։