Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում 17,6 ՄՎՏ հզորությամբ ՀԷԿ կկառուցվի

Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում 17,6 ՄՎՏ հզորությամբ ՀԷԿ կկառուցվի՝ «Գետավան-1», տեղեկացնում է Արցախի նախագահի գրասենյակը․ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը էներգետիկ անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել։

Նշվել է, որ Արցախը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ:

«Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և ԱՀ-ն արտահանող երկրից վերածվել է ներկրողի», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով՝ ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից:

«Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշել ենք կառուցել նոր խոշոր ՀԷԿ», - հայտարարել է Արացախի նախագահը։

Շուրջ 25 մլն դոլար արժեքով նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ: