Տիմանովսկայան Լեհաստանի հումանիտար վիզա է ստացել

Ճապոնիա - Բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայան Տոկիոյի օդանավակայանում, 1-ը օգոստոսի, 2021թ.

Բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայան ստացել է Լեհաստանի մարդասիրական վիզա և անմիջական կապի մեջ է այդ երկրի դիվանագետների հետ: Տեղեկությունը հաստատել է Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչը:

Հիշեցնենք, վազորդուհին հայտարարել էր, որ Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն և փորձել բռնի ուժով Տոկիոյից Մինսկ ուղարկել` մարզչական շտաբի հետ իր հակասությունների պատճառով:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է Տիմանովսկայայի նկատմամբ Բելառուսի գործողությունները:

«Լուկաշենկոյի ռեժիմը փորձում էր ևս մեկ միջազգային ճնշում իրականացնել՝ փորձելով ստիպել օլիմպիական մարզուհի Քրիստինա Տիմանովսկայային հեռանալ [Ճապոնիայից] պարզապես խոսքի ազատության իր իրավունքի իրացման համար», - գրել է Բլինքենը Twitter- ում՝ հավելելով, որ նման գործողությունները «խաթարում են օլիմպիական ոգին, ոտնահարում են հիմնարար իրավունքները և անհանդուրժելի են»:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարել է՝ միջադեպը ևս մեկ օրինակ է նրա, որ Լուկաշենկոյի ռեժիմը «հարվածում է բելառուսական հասարակության բոլոր շերտերին, ներառյալ՝ մարզիկներին, և չի հարգում օլիմպիական որևէ համերաշխություն»: