Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.
«Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով:
Այս ճանապարհին կարևոր է, որ խորհրդարանը և խորհրդարանական բանավեճերը լինեն համախմբման և ոչ երբեք պառակտման միջոց, ընդունված օրենքների ու որոշումների որակն ու բովանդակությունը համարժեք լինեն մեր ազգի ու պետության առաջ կանգնած մարտահրավերներին ու ձգտումներին:
Դրանց առանցքում պիտի լինի մեր պետության ու նրա ինստիտուտների ուժեղացման օրակարգը: Սա պիտի լինի մեր բոլորիս, այդ թվում Ազգային ժողովի ուղենիշը»:
Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի նախագահ ընտրվեց այսօր՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ընթացքում: